ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ:
Արդեն երրորդ տարին է միջազգային օրացույցում հատուկ օր է առանձնացված ժողովրդավարության համար, եւ դա պատահական չէ: Ժողովրդավարությունը հնարավորություն է, որով երկրներն ու ժողովուրդները կարողանում են տեղ գրավել աշխարհի քաղաքակիրթ հանրության միջավայրում: Այն նաեւ միջոց է` լուծելու պետականության կառուցման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացում առկա խնդիրները:
Հայաստանը շարունակում է փոքր, բայց արագացող ու չընդհատվող քայլեր կատարել երկրում ժողովրդավարության բոլոր բաղադրատարրերի կայացման ու ամրապնդման ուղղությամբ: Անցնելիք ճանապարհը երկար է, բայց ոչ անվերջանալի, մանավանդ որ երկրի իշխանությունները անհրաժեշտ քաղաքական կամք եւ ցանկություն ունեն այն հաղթահարելու համար:
Վերստին շնորհավորելով որպես տոն դեռեւս մանուկ, իսկ որպես երեույթ` վաղուց կայացած եւ ուղենշային դարձած հասկացության` Ժողովրդավարության օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ մեր երկրում լինի իրապես կայացած քաղաքացիական հասարակություն, իսկ յուրաքանչյուր քաղաքացի զգա այդ հասարակության անդամ լինելու հպարտությունն ու միաժամանակ` պարտականությունը: Մեր երկիրն ու ժողովուրդը ստեղծել են դրա նախադրյալները»: