Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում էին հյուրընկալվել Երեւանի թիվ 119 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ, որոնց հետ «բաց դաս» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանի ձեւավորման կարգը, օրենքների ընդունման ընթացակարգը, պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:
«Բաց դաս»-ից հետո աշակերտները շրջեցին նիստերի դահլիճում, մտերմիկ եւ անկեղծ զրույցի բռնվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հայտնի է, որ այս տարվանից ԿԳ նախարարությունը նախատեսում է ավագ դպրոցում անցում կատարել միասնական համազգեստի: Հովիկ Աբրահամյանը խոստացավ 5 միլիոն դրամ հատկացնել ավագ դպրոցներում սովորող սոցիալապես անապահով խավերի այն աշակերտների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ համազգեստի գնման ծախսերը:
Վերջում դպրոցականները եւ մանկավարժները լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ: