National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.11.2010
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 1

Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում շարունակեց քննարկել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի քննարկումը` խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թ.  գործունեության տարեկան ծրագիրը, որից հետո պատգամավորները շարունակեցին հարցերով դիմել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին:

Հարակից ելույթում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, նշեց, որ դեռեւս տարեսկզբին նկատելի էին տնտեսական աճի ձեւավորման միտումներ, որի պարագայում հարկաբյուջետային քաղաքականության համար ստեղծվել էր բարենպաստ միջավայր` հարկերի հավաքագրման եւ ՀՆԱ-ում պակասուրդի կրճատման տեսանկյունից: Նշվեց, որ բարձր գնաճային միջավայրի չեզոքացման անհրաժեշտությամբ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղորդվել է հակաճգնաժամային քաղաքականությունից հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն: Պարոն Ջավադյանի գնահատմամբ` հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի հետեւողական իրականացման եւ շարունակման պայմաններում 2011 թ. հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի կայուն եւ բարձր տեմպեր:

Հարակից ելույթ ունեցավ եւ «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2009-2010 թթ. իրականացված հակաճգնաժամային միջոցառումների ներքո տնտեսության մեծածավալ միջոցները եւ տնտեսական դաշտում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հեշտացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել տնտեսական դաշտի զարգացման վրա: Ակնկալվում է, որ 2011 թ. տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը լինելու է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները: Ըստ պարոն Մինասյանի` ներկայացված բյուջեն բխում է տնտեսական խորը ճգնաժամի հաղթահարման եւ կայուն զարգացման փուլ թեւակոխող իրողություններից: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2011 թ. պետական բյուջեում պահպանվել են մարդկային կապիտալը բնութագրող ոլորտներում ներդրումների առաջանցիկ աճ ապահովող սկզբունքները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը գալիք տարվա բյուջետային փաստաթղթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածների օրինականության եւ հիմնավորվածության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Իշխան Խաչատրյանը:

«ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Սիմոնյանը, Արա Նռանյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզաննա Առաքելյանը:

Օգտվելով կառավարության անդամներին տրված ելույթի իրավունքից` իր ղեկավարած ոլորտի համար նախատեսված ծախսային ծրագրերը ներկայացրեցՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նշվեց, որ առաջին անգամ նախադպրոցական կրթություն ենթաբաժնում պետական բյուջեով միջոցներ են հատկացվել, կառավարության կողմից գումարներ են հատկացվել ավագ դպրոցների հիմնանորոգման համար, ավելացվել են դպրոցների ֆինանսավորման պահպանման ծախսերը: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է իրականացվում նախնական զինվորական պատրաստվածության կաբինետների վերազինման նպատակով, գրեթե երեք անգամ ավելացվել են ռազմագիտության կաբինետների համար հատկացվող գումարները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով սոցիալական ոլորտի հատկացումները, նշեց, որ գալիք տարվա բյուջեի նախագիծը նպատակ ունի ոչ միայն ապահովել համակարգի բնականոն գործունեությունը, այլեւ մեղմացնել ճգնաժամի հետեւանքները: 2011 թ-ին ջանքերը կենտրոնացվելու են աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու, իրականացվող սոցիալական ծրագրերի հասցեականությունը մեծացնելու եւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը 2011 թ. բյուջետային փաստաթղթի վերաբերյալ ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ իրենք դեմ են բյուջեի նախագծին, քանի որ փաստաթուղթը չի ապահովելու պետության առջեւ կանգնած ռազմավարական խնդիրների լուծումը: Նա իրական չի համարում կառավարության այն տեսակետը, որ երկրում կա մակրոտնտեսական կայունություն: Նա անդրադարձավ գյուղատնտեսության, գիտության եւ առողջապահության ոլորտի հիմնախնդիրներին:

ՕԵԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Արծրունի Աղաջանյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը քննարկել եւ առաջարկներ է ներկայացրել բյուջեի նախագծի վերաբերյալ, որոնք վերաբերել են սոցիալական, կրթության, առողջապահության, մշակույթի եւ այլ ոլորտներին: Հղիության եւ  ծննդաբերության համար տրվող  նպաստերի մասով ՕԵԿ-ն առաջարկել է խտրականություն չդնել աշխատող եւ չաշխատող մայրերի միջեւ ու 18.000 դրամ նպաստը տալ բոլորին, նաեւ առաջարկել է երկրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող 50.000 դրամը դարձնել 100.000 դրամ: Պարոն Աղաջանյանը կարեւորեց բյուջեի նախագծով ավանդների վերադարձմանը շարունակականությունը, աղետի գոտու վերականգնման եւ բնակարանաշինության համար հատկացումների աճը: Նա, հույս հայտնելով, որ ՕԵԿ խմբակցության պատգամավորների առաջարկները կընդունվեն կառավարության կողմից, իրազեկեց, որ ՕԵԿ-ը բավարար է գնահատում բյուջեի նախագիծը եւ կողմ կքվեարկի դրա ընդունմանը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնելով` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը մատնանշեց տնտեսական աճի միտումները. ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված 2009 թ. 14.4 տոկոս տնտեսական անկման համեմատ 2010 թ. արձանագրվեց 1.2 տոկոսից ավել տնտեսական աճ, իսկ 2011-ին ակնկալվում է ունենալ 2,7-4 տոկոս տնտեսական աճ: Ըստ պարոն Բալասանյանի` 2011 թ. բյուջեն 2010 թ. բյուջեի տրամաբանական շարունակությունն է: Նա նշեց, որ ԲՀԿ-ի համար առաջնային է մանր ու միջին ձեռնարկատիրական ընկերությունների եւ մանր բիզնեսի զարգացումը` այս համատեքստում կարեւորելով արտոնագրային վճարների մասով կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները: ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության, մեղվաբուծության եւ զբոսաշրջության ոլորտներում առկա խնդիրներին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը փաստեց, որ կառավարությունն առաջին անգամ ամբողջապես ծրագրային, հասցեական եւ հաշվելի բյուջե է ներկայացրել, որը ՀՀԿ-ն իրատեսական եւ հավասարակշռված է համարում: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` տնտեսական աճի միտումները պայմանավորված են կառավարության վարած հակաճգնաժամային ծրագրերով, ճգնաժամի պայմաններում անգամ կառավարությունը սոցիալական ծրագրերի կասեցում թույլ չի տվել: ՀՀԿ խմբակցության անդամն ընդգծեց, որ ճգնաժամի ծանր փուլը եւ հետեւանքները հաղթահարվելու են 2011 թ. բյուջեով եւ կուսակցական ծրագրերի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմամբ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին երկօրյա շահագրգիռ քննարկումների համար` հավաստիացնելով, որ հնչեցված առաջարկները կառավարությունը կքննարկի եւ հաշվի կառնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում: Նա փաստեց, որ բյուջեով ապահոված է մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունություն: Նա ընդգծեց, որ կառավարությունը, չհրաժարվելով ընդլայնողական քաղաքականությունից, հետզհետե անցում է կատարում կայուն զարգացման քաղաքականության: Ընդլայնողական եւ խթանիչ քաղաքականության արդյունքում բոլոր ոլորտներում արձանագրվել է տնտեսական աճ: Նախարարի համոզմամբ` բյուջեն իրատեսական է, արտացոլում է մակրոտնտեսական եւ համաշխարհային տնտեսական աճի միտումները, ուղղված է երկրի կայուն տնտեսական զարգացմանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ավարտը` հիշեցնելով, որ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` առնվազն 4 օրով բյուջեի քննարկման ընդմիջում է նախատեսված, իսկ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները իրենց առաջարկները դրանից հետո 24 ժամվա ընթացքում կարող են ներկայացնել ԱԺ աշխատակազմ:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումով ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նշվեց, որ արդեն երեք անգամ կատարվել է նմանատիպ փոփոխություն, ինչը խթան է հանդիսացել հարյուրավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչեւ 2010 թ. նոյեմբերիի 1-ը` եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչեւ 2010 թ. աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը եւ նրանց  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել:

Հարակից ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման (մոնիթորինգի) վերաբերյալ» ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հատուկ միջոցների կիրառման կարգի ու դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգ մշակելու եւ ընդունելու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկի առնչությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը գտնում է, որ մարտական տեխնիկայի հիմնական չափորոշիչները նպատակահարմար է սահմանել օրենքով, իսկ կազմը` ՀՀ կառավարության որոշմամբ: Հանձնաժողովը գտնում է, որ հատուկ միջոցների առանձին տեսակներին ներկայացվող որոշ էական չափորոշիչներ օրենքով սահմանելու նպատակահարմարությունը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ: ԵԽԽՎ բանաձեւերով Հայաստանի Հանրապետությանը ներկայացված առաջարկությունների իրականացման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկի մասով ԱԺ մշտական հանձնաժողովը գտնում է, որ համագործակցելով ԵԽԽՎ համապատասխան կառույցների հետ` պետք է շարունակել առաջարկության կատարման ընթացքի մոնիտորինգը եւ արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցել հանձնաժողովի հաջորդ եզրակացությունների քննարկման ժամանակ: Ժամանակավոր հանձնաժողովի այլ առաջարկների մասով եւս Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովի եզրակացությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ նիստում:

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


18.11.2010
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի եւ պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանի մամլո ասուլիսը: Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 12-16-ին ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ...

18.11.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցկացրեց հերթական «Բաց դաս»-ը
Նոյեմբերի 18-ին  Ազգային ժողովի   «Բաց դռներ»  ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Կենտրոն համայնքի 15 դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ովքեր, ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո, հանդիպեցին  Ազգային ժողովի   նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱԺ նախա...

18.11.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Ռենոյին   Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ  հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am