National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.11.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.11.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանում մեկնարկած «Ընտրական օրենսդրություն» խորագրով համաժողովին
1 / 3

Նոյեմբերի  22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանում մեկնարկած «Ընտրական օրենսդրություն» խորագրով համաժողովին:  Համաժողովը կազմակերպել են ՀՀ Ազգային ժողովը,  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը,  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակը, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը, ՀՀ ԿԸՀ-ն:

Հանդես գալով բացման խոսքով` Ազգային ժողովի նախագահը նշեց.

«Համաժողովի հարգելի  մասնակիցներ,

 Տիկին դեսպան,

Տիկնայք եւ պարոնայք, 
  
Ողջունում եմ ձեզ եւ կարեւորում Երեւանում նման ներկայացուցչական համաժողովի անցկացումը:

Հուսով եմ, որ համաժողովը կանցնի  անկաշկանդ, անկեղծ եւ կառուցողական,  քանի որ նման մթնոլորտում է  հնարավոր  հասնել ընտրական գործընթացներում առկա խնդիրների լուծմանը, որի համար համոզված եմ շահագրգիռ են բոլոր ներկաները: 
  
Թե՛ տեղական եւ թե՛ միջազգային  փորձագետները բազմիցս են նշել,  որ ինչպես գործող այնպես էլ նախորդ  ընտրական օրենսդրությունները     բավարար օրենսդրական հիմք են ժողովրդավարական ընտրությունների անցկացման  համար:  Արժե՞ արդյոք այս  պայմաններում զբաղվել ընտրական օրենսդրության բարեփոխումներով: Վստահ եմ, որ    արժե: Եվ հետեւյալ պատճառներով. 
  
Նախորդ տարիներին մենք բավարար ուշադրություն չենք դարձրել  ժողովրդավարական ընտրությունների անցկացման  համար անհրաժեշտ այնպիսի  գործոնների,  ինչպիսիք են  ընտրական պրոցեսի մասնակիցների  փոխվստահությունը եւ հասարակության ընտրական կուլտուրայի  մակարդակը: Ցավոք  սրտի, մենք  դեռեւս չունենք այն քաղաքական մշակույթը, որ  պարտված  թեկնածուն   արժանապատվորեն ընդունի իր պարտությունը: Որպես կանոն` պարտվածի  համար ընտրությունները կեղծված են: 
  
Մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ այս արմատացած մոտեցումը հնարավոր է  փոխել, իսկ մենք  պարտավոր ենք նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն   նման  մոտեցման վերացմանը եւ  փոխադարձ  վստահության մթնոլորտի ձեւավորմանը: 
  
Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել  իշխանության  գործոնը, վերացնել  զբաղեցրած պաշտոնով  եւ  նյութական վիճակով պայմանավորված   անհավասարությունն ընտրական գործընթացում: 
  
Անհրաժեշտ է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամներին հանձնաժողովներում իրենց կուսակցության շահերը պաշտպանող սուբյեկտից  դարձնել ընտրական իրավունքն իրականացնող ու պաշտպանող սուբյեկտ: 
  
Կարեւորում եմ նաեւ ընտրությունների ընթացքում ծախսվող միջոցների թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովումը, ներառյալ  հանրային  ռեսուրսների օգտագործումը: 
  
Հարգելի մասնակիցներ, 
  
Որպես  կանոն` Հայաստանում ընտրական օրենսդրության  փոփոխությունները կատարվել են ընտրությունների նախօրեին, երբ ընտրական կրքերը թեժացած են եւ    ընտրական  գործընթացի մասնակիցները  փորձում են  իրենց  համար շահեկան դրույթներ ամրագրել  ընտրական օրենսգրքում: 
  
Այս  առումով  թերեւս աննախադեպ է  համապետական ընտրություններից   գրեթե  մեկուկես - երկու տարի  առաջ ընտրական օրենսդրության փոփոխություններին  անդրադառնալը, մի գործընթաց սկսելը, որի մասնակիցների շրջանակը չի  սահմանափակվում  Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերով, որին մասնակից են նաեւ միջազգային կառույցները եւ ՀՀ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները: Ես կարեւորում եմ նրանց մասնակցությունը, հաշվի առնելով ընտրական գործընթացի նկատմամբ նրանց  անկողմնակալությունը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում շահագրգռվածությունը, ինչու չէ` նաեւ մասնագիտական հմտությունների  առկայությունը ժողովրդավարական  ընտրությունների  կազմակերպման գործում: 
  
Հանրային քննարկումների գործընթացը չի սահմանափակվելու միայն այս  համաժողովով:  Կարծում եմ, որ  գործընթացը  պետք է շարունակի մնալ օրակարգում, եւ նմանատիպ քննարկումներ, այդ  թվում նաեւ  խորհրդարանական լսումներ  մենք   դեռ անցկացնելու  ենք: 
  
Ուզում եմ հավատալ, որ  ներկաները, անկախ իրենց  կարգավիճակից եւ   պաշտոնից,  այստեղ են  մեկ կարեւոր նպատակով՝  գտնել  այն օրենսդրական լուծումները,  որոնք  հնարավորություն կտան բարձրացնել ընտրական գործընթացի նկատմամբ  հանրության վստահությունը եւ իրականացնել ժողովրդավարական չափանիշներին  համապատասխանող ընտրություններ: 
  
Հաջողություն եմ մաղթում համաժողովի  աշխատանքներին»:  
  
Իր ելույթում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը աջակցում է ընտրական գործընթացում Հայաստանի ջանքերին: Նա հույս հայտնեց, որ 2012թ. ընտրություններում կհաջողվի առաջընթաց արձանագրել:

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն, ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացի պատմությունը, նշելով, որ ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  իր ելույթում ասաց, այս քննարկումները աշխատանքների միայն սկիզբն են եւ շարունակություն կունենան: Նա նշեց, որ դեռ 2008 թվականին ԱԺ նախագահի կողմից ձեւավորվել է աշխատանքային խումբ` ընտրական օրենսդրության վերաբերյալ առաջարկություններ մշակելու եւ ներկայացնելու համար: Աշխատանքային խմբի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծ, որը տեղադրվել էր ԱԺ պաշտոնական կայքում եւ որի վերաբերյալ առաջարկվել էր  առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնել: Սահմանված ժամկետի ավարտին քաղաքական ուժերի եւ անհատների կողմից ստացվել էին տարբեր առաջարկություններ, եւ, ինչպես նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, իրենք պատրաստ են այսուհետ եւս առաջարկություններ ընդունել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի տեսակետներն ու առաջարկությունները, եւ հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության տեսակետների մերձեցմանը:
 
 


22.11.2010
Սիրիայի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը
Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am