ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով սեմինարին, որը համատեղ կազմակերպել էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, ՆԱՏՕ-ն, Անվտանգության քաղաքականության ժնեւյան կենտրոնը եւ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնը: Սեմինարի մասին ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում լրագրողներին մանրամասներ ներկայացրեց Հրայր Կարապետյանը:
Սեմինարին մասնակցել են մոտ 25 երկրների 40 խորհրդարանականներ: Սեմինարի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, շեղվելով սեմինարի թեմատիկայից, անդրադարձել են հայկական գործող ԱԷԿ-ի աշխատանքին եւ նոր կառուցվելիք ԱԷԿ-ի շինարարության հարցերին` նշելով, թե սեյսմիկ գոտում ԱԷԿ-ի գործունեությունը մտահոգություն է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար, եւ կոչ են արել փակել ատոմակայանը: Նրանք կոչով դիմել են ԱՄՆ-ին ու Եվրամիությանը` չաջակցել նոր ԱԷԿ-ի շինարարությանը եւ չֆինանսավորել այն:
Իր ելույթում պարոն Կարապետյանը անդրադարձել է այդ շահարկումներին` նշելով, որ հայկական գործող ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին եւ սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:
Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանականի ելույթին` պարոն Կարապետյանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ենթարկվելով տեւական շրջափակման` Հայաստանը ստիպված է փնտրել այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում նաեւ ապավինել ատոմային էներգետիկային: Նա նշել է, որ Թուրքիան եւս գտնվելով սեյսմիկ գոտում` մարտի 16-ին համաձայնություն է ձեռք բերել ատոմակայան կառուցելու վերաբերյալ:
Անդրադառնալով ադրբեջանցի խորհրդարանականի ելույթում Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծմանը` ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում բանակցություններ են ընթանում խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ինտենսիվ սպառազինման առնչությամբ, ինչը պատերազմի սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի համար: Ադրբեջանին սպառազինություններ է մատակարարում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Պարոն Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր նավթային ռեսուրսները, Հայաստանի ռազմական բյուջեի համեմատ գրեթե 10 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, ինչն անընդունելի է: Պարոն Կարապետյանը համարում է, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան մթնոլորտ ձեւավորի նման գործելակերպի նկատմամբ:
Իր ելույթում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազք թույլ չտալու հարցերում: Նա նշել է, որ հարեւան երկրները խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու փոխարեն հանդես են գալիս առավել ռազմատենչ հայտարարություններով: Պարոն Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ ողջունել են հայկական կողմի հավասարակշռված դիրքորոշումը եւ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից: