Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 14-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Գյումրու Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո նրանց հետ «Բաց դաս» անցկացրին ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը:
ԱԺ փոխնախագահները աշակերտներին ներկայացրին Ազգային ժողովի կառուցվածքը, գործառույթները, աշխատանքները, ապա պատասխանեցին նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, կրթական խնդիրներին, արտագաղթին եւ այլն: Ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ երկխոսություն, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հանդիպման վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահներին ջերմ ընդունելության, անկեղծ եւ օգտակար «Բաց դասի» անցկացման համար: