Հարավային Կովկասում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ԵԱՀԿ ԽՎ-ն Ազգային Ժողովի աշխատակազմի համար կազմակերպել են վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել օրինաստեղծ գործընթացների կազմակերպումը:
Հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը:
ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը նշեց, որ դասընթացներն իրականացվում են` «Աջակցություն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներին» ծրագրի շրջանակներում եւ առաջինն են Հարավկովկասյան պետությունների համար: Դասընթացները նախատեսված են խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պետական-իրավական, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովների փորձագետների, օրենսդրության վերլուծության եւ զարգացման ու արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների համար: Ուսուցումը կանցկացնեն հանրապետության կրթական եւ հետազոտական կենտրոններից, միջազգային կազմակերպություններից եւ ԵԱՀԿ մասնակից պետությունների խորհրդարաններից հրավիրված փորձագետները:
Ըստ Վլադիմիր Պրյախինի` ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն հատկապես խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքներում: Անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարելու «Ընտրական օրենսգրքում», Սահմանադրության մեջ, եւ մասնակիցները կարող են իրենց նպաստը բերել այս խնդրում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ասաց, որ առաջարկը ձեւավորվել է ԱԺ նախագա հ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպում- խորհրդակցությունների արդյունքում: Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել աշխատակազմի հնարավորությունները:Ուսուցման մեթոդաբանությունն ու փորձը կարող է հիմք հանդիսանալ ԵԱՀԿ-ի եւ տարածաշրջանի խորհրդարանների միջեւ համագործակցության ծրագրի հետագա զարգացման համար:
Դասընթացների ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն ժամանակակից պառլամենտարիզմի պրակտիկային, սահմանադրական իրավունքին, խորհրդարանական ժողովրդավարությանը, հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերող օրենսդրությանը, եվրոպական ինտեգրացիային ինչպես նաեւ հասարակության` օրինաստեղծ գործունեության մասնակցությանն առնչվող հարցեր:
Ծրագրով նախատեսված է նաեւ խորհրդարանների միջեւ փորձի փոխանակում: