National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
15.12.2013
«Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր եւ ընդունվել է համատեղ հայտարարություն

Դեկտեմբերի 14-15-ին Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում տեղի ունեցած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ընդունվել է համատեղ հայտարարություն , եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ու Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի միջեւ ստորագրվել է համագործակցության  հուշագիր, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը եւ Թեդո Ջափարիձեն:

Համատեղ հայտարարություն.

2013 թվականի դեկտեմբերի 14-15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վրաստանի Հանրապետության  խորհրդարանի պատվիրակությունները (այսուհետ՝ Կողմեր) հանդիպեցին Հայաստանի Ալավերդի քաղաքում՝ քննարկելու հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները եւ հանդես եկան սույն համատեղ հայտարարությամբ:

Ընդգծելով իրենց նվիրվածությունը երկու ազգերի միջեւ բարեկամական հարաբերությունների դարավոր ավանդույթին,

ճանաչելով Վրաստանի խորհրդարանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը,

հաշվի առնելով խորհրդարանների դերը միջազգային համագործակցության խորացման, փոխադարձ վստահության ձեւավորման, ինչպե նաեւ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներում,

գնահատելով օրենսդիր մարմինների նշանակալից ներդրումը տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում՝

Կողմերը

1. հայտարարում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված կառուցողական միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմանի միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման եւ ամրապնդման համար

2. համաձայնում են հատուկ պարտավորություն ստանձնել՝ իրենց ընտրողների շրջանում բարձրացնելու Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման կարիքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը՝ այսպիսով նպաստելով վստահության, փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման վրա հիմնված միջպետական կապերի ամրապնդմանը

3. շեշտում են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը երկու բարեկամ երկրների օրենդրությունների ներդաշնակեցման գործում

4. ճանաչում են ապագայում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը, տնտեսական նախաձեռնությունների եւ փոխադարձ շահերի վրա հիմնված ծրագրերի անհրաժեշտությունը եւ նման ծրագրերի իրականացման ընթացքում խորհրդարանական աջակցության եւ վերահսկողության կարեւորությունը

5. ողջունում են ավելի ամուր եւ խորացված միջխորհդարանական հարաբերություններ հաստատելու ներկա միտումը եւ ընդգծում նման համագործակցային ջանքերի կարեւորությունը

6. համաձայնում են համագործակցության սույն ձեւաչափը դարձնել ավանդական  եւ հաջորդ հանդիպումն իրականացնել 2014 թվականին Վրաստանում:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՎՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին հուշագիր

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ ՎՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (այսուհետ` Կողմեր)`

- կարեւոր նշանակություն տալով Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետության բարեկամական հարաբերություններին, փոխըմբռնմանն ու սերտ համագործակցությանը

- համոզված լինելով, որ երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը

- ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով

- ընդունելով երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համագործակցության անհրաժեշտությունը

- հավաստելով իրենց ձգտումը համակողմանի համագործակցության հետագա խորացմանը` ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրական գործունեության շրջանակներում փորձի փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համատեղ քննարկումների եւ խորհրդատվությունների իրականացմանը, երկու երկրների խորհրդարաններում քննարկվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը՝

համաձայնեցին հետեւյալի մասին:

Համագործակցության հուշագրի սկզբունքները

Կողմերն առաջնորդվում են հետեւյալ սկզբունքներով`

- համագործակցության ոլորտի աջակցմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում յուրաքանչյուր Կողմի լիարժեք անկախություն

- երկկողմ համագործակցություն իրականացնել իրավահավասարության, գործընկերության եւ փոխշահավետության հիման վրա` 

 -համատեղ լսումների միջոցով
  -փոխայցելությունների միջոցով
 -միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ  համագործակցությամբ  
 -ժողովրդավարության ամրապնդման եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

      Համագործակցության հուշագրի նպատակները

1. Կողմերի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության հաստատում

2. Համագործակցության մեթոդների, մեխանիզմների մշակում

3. Գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության եւ փորձի կանոնավոր փոխանակում եւ ուսումնասիրում:

Կողմերի իրավասու մարմինները

Սույն Հուշագրի իրականացման համար Կողմերի իրավասու պատասխանատու մարմիններն են.

հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

վրացական կողմից` ՎՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Համագործակցության հուշագրի ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իր ստորագրման օրվանից եւ յուրաքանչյուր Կողմի համար կարող է վերանայվել տվյալ երկրի խորհրդարանի նոր գումարման կողմից ձեւավորված հանձնաժողովում: Այն կարող է վերանայվել նաեւ կողմերից մեկի խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կառուցվածքային ձեւափոխման կամ գործառությունների եւ լիազորությունների փոփոխման պարագայում:

Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կձեւակերպվեն առանձին հավելվածներով: Այդ հավելավծներն ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից եւ կհանդիսանան սույն Հուշագրի անբաժանելի մասը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am