Հունիսի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ 2004» միջոցառման մասնակից հայաստանցի եւ իրանցի գրողների, մշակութային գործիչների:
Տիկին Հակոբյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական մշակութային կապերի զարգացմանը նպաստող միջոցառման, բարեկամ երկրի գրողներին Ազգային ժողովում հյուրընկալելու համար եւ հույս հայտնեց, որ հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրող բարեկամ ժողովուրդների քաղաքական ու տնտեսական կապերի հետ առավել կակտիվանան ու կսերտանան նաեւ գրական կապերը: Նա բարձր գնահատեց Իրանի որդեգրած պետական քաղաքականությունը հայկական համայնքի նկատմամբ ուշադրության, պատմական հուշարձանների պահպանման, հայկական դպրոցներին պետական աջակցության ու ֆինանսավորման համար եւ համոզմունք հայտնեց, որ ոչինչ չի կարող խաթարել մեր փոխադարձ ջերմ հարաբերությունները, իսկ մշակութային համագործակցությամբ ճանապարհ կհարթվի նաեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար:
Իրանցի գրողներն ու մշակույթի գործիչները հավաստիացրին, որ իրենց երկրում ազգային փոքրամասնություններն ունեն ազատ գործելու հնարավորություն. դա է հավաստում հայկական համայնքի ակտիվ մասնակցությունը Իրանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին, սակայն ժամանակն է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը վերածվի պետական ակտիվ, բազմակողմ հարաբերությունների զարգացման, քանզի դա երկու ժողովուրդների կամքն է: