ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողով, որի անդրանիկ նիստը կգումարվի 2004 թ. հունիսի 18-19-ը Երեւանում:
Վեհաժողովի աշխատաքներին կմասնակցեն աշխարհի շուրջ 25 երկրների մոտ 70 հայազգի եւ այդ երկրների խորհրդարաններում Ազգային ժողովի հետ բարեկամության պատգամավորական խմբերում ընդգրկված պատգամավորներ:
Հունիսի 17-ին նախատեսվում է մասնակիցների հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հունիսի 18-ի առավոտյան` մինչեւ Վեհաժողովի աշխատանքի սկիզբը, մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Նախատեսվում է, որ Վեհաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը:
Վեհաժողովի օրերին մասնակիցների համար նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:
Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նյութերին կարող եք ծանոթանալ "www.APFA.parliament.am" էլեկտրոնային էջում: