Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը:
Գալուստ Սահակյանն իր ներդրումն ունեցավ նաեւ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության ամենամյա ակցիային, որը իրականացվում էր Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացված բարեգործական ցուցահանդես-վաճառքին: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետեր, եւ երեխաների սիրելի պաղպաղակները վաճառում էին քաղաքական գործիչները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Իրականացվում էր նաեւ ձեռագործ աշխատանքների, մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք:
Խորհրդարանի ղեկավարը մեկ առ մեկ մոտեցավ տաղավարներին: Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն:
Օրենսդրի ղեկավարի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն, բարօրություն եւ արժանապատիվ ապագա: