ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հունիսի 20-ին հրավիրված մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայացած «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով Rose-Roth 86-րդ սեմինարի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ:
Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ, «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հրավիրվել էր որպես բանախոս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը» թեմայով: Նշելով սեմինարին մասնակցության դրդապատճառները, Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հայկական պատվիրակության մասնակցությունը չափազանց կարեւոր էր, քանի որ եթե չկայացվեր մասնակցության վերաբերյալ որոշում, ապա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին վակուում կստեղծվեր, եւ ադրբեջանցիները, օգտվելով այդ հնարավորությունից՝ թյուր պատկերացում կստեղծեին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ չհանդիպելով ոչ մի հակազդեցության:
Սեմինարն ընթացել է խիստ լարված մթնոլորտում. ադրբեջանցի պատվիրակներն անընդհատ տարածել են հայատյացություն, հակահայկական քարոզչություն եւ ապատեղեկատվություն, որին հայկական պատվիրակությունը հակազդել է՝ ներկայացնելով իրականությունը թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, թե քննարկվող այլ հարցերի վերաբերյալ: Սեմինարին ներկա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի մյուս պատվիրակաները հիմնականում եղել են դիտորդի կարգավիճակում. բանավեճն ընթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների միջեւ: Սեմինարի ընթացքում, ինչպես տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի արտաքին ու անվտանգության գերակայություններն ու եվրոատլանտյան ինտեգրումը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, Ադրբեջանում կառավարման համակարգի եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները, Ղրիմի ճգնաժամը, Վրաստանի եվրոատլանտյան ուղին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգությունը, Իրանն ու տարածաշրջանային անվտանգությունը, Աֆղանստանը 2014 թվականից հետո: Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ ակտիվորեն մասնակցել են բոլոր հարցերի քննարկմանը՝ լիարժեք ներկայացնելով դիրքորոշումներն ու տեսակետները:
Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձան նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությանը՝ կոչ անելով հայկական լրատվամիջոցներին զերծ մնալ դրանք տարածելուց: Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: