Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի եւ կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանի հետ:
Հյուրերը տեղեկացրել են, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակի նախաշեմին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը տարբեր երկրների խորհրդարանների, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող միջոցառումների շարք է ձեռնարկել: Հանդիպմանը քննարկվել են այդ միջոցառումների անցկացման ձեւաչափին ու օրակարգին առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տիկին Նաղդալյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է: Նա համոզմունք է հայտնել, որ երեխաների հիմնախնդիրներին վերաբերող համատեղ միջոցառումներն ու ծրագրերը շարունակական կլինեն եւ կարեւորել է առաջիկայում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող քննարկման կազմակերպումը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշել է, որ ինքը համոզվել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եւ այդ համատեքստում կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ իրենք համագործակցում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ նախադպրոցական եւ միջին մասնագիտական կրթության, երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին: