Հունիսի 2-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է կառավարության կողմից հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը տեղեկացրել է, որ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Նախատեսվող կարգավորումը վերաբերում է նաեւ դատավորներին տրվող հավելավճարների չափին: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր նշանակվող դատավորներին դասային աստիճաններ չեն շնորհվելու, ուստի դասային աստիճանի համար նրանք չեն կարող հավելավճարներ ստանալ: Իսկ այն դատավորները, ովքեր դասային աստիճաններ են ստացել, հավելավճարներ չեն ստանա, քանի որ դատավորին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը կգերազանցի հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:
Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ հայրենիքը պաշտպանելիս վնասվածք ստացած քաղաքացու առողջությունը լիարժեք վերականգնելու խնդիրը ամբողջապես պետք է հոգա պետությունը: Օրենքի ընդունման դեպքում իրավական հիմք եւ ընթացակարգ կսահմանվի զինծառայողների կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումը նաեւ արտասահմանում իրականացնելու նպատակով:
Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենսգրքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են վերանայված եվրոպական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին:
Նախագծով առաջարկվում են հստակեցնել ՀՀ աշխատանքային օրենսդրության ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին դրույթներ: Ներկայացված նախագծով օրենսդրորեն ամրագրվում է աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու գործատուի պարտավորությունը, հստակեցվում են աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի եւ դրանց դադարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածությունը համարել ժամանակավոր:
Կազմակերպությունների համար քվոտայի պահանջի առաջացման հիմք ընդունել տվյալ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ), իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների համար՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը, որը պետք է լինի 100 եւ ավելի՝ բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք ստեղծվել են տվյալ տարվա դեկտեմբեր ամսին: Վերջիններիս կողմից քվոտայի պահանջի կատարման համար հիմք է ընդունվում տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների թվաքանակը: Նախագծով տրվում է նաեւ կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակի հաշվարկման մեխանիզմները:
Օրենքի նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հաշվի առնելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կարեւորությունը՝ հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո՝ 24 ժամյա ռեժիմով: