Սեպտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունություն: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ԿԲ-ն կունենա նախագահ եւ երկու տեղակալ, որի պարագայում հնարավոր կդառնա ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում:
Հանձնաժողովը քննարկված փաթեթին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ տվել է դրական եզրակացություն:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 10 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի հիմնական նպատակն է Երեւանում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում փոխարինել հենասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխներ, օգտագործել էներգախնայող լամպեր, ինչպես նաեւ ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ:
Համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Հանձնաժողովի անդամները ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ քննարկել են 2015 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նշվել է, որ 2015 թվականի առաջին կիսամյակում միջին գնաճը կազմել է 5.1%: Արձանագրվել է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների անվանական 0.3% աճ, իսկ ծախսերի գծով արձանագրվել է 15.7% աճ: 2015 թվականի հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության իրական արտահայտությամբ 4.2% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: