Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակության հետ: Երիտխորհրդարանականները ներկայացրել են երիտասարդական խորհրդարանի ստեղծման պատմությունը, անցած ուղին, ձեռքբերումները:
Երիտասարդական խորհրդարանի անդամ Գոհար Մկոյանը հյուրերին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, կազմը, մշտական հանձնաժողովների ձեւավորման մեխանիզմները:
Հայկ Մամիջանյանը հանգամանալից խոսել է երիտասարդական խորհրդարանում ներկայացվող օրինագծերի, օրենսդրական փաթեթների, դրանց շուրջ տարվող աշխատանքի մասին:
Երիտխորհրդարանականների խնդրանքով Կուրբանգյուլ Բայրամովան անդրադարձել է Թուրքմենստանում երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, երիտասարդությանը վերաբերող օրենսդրությանը, կրթական համակարգին: Տիկին Բայրամովան նշել է, որ Թուրքմենստանում օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս ստեղծել երիտասարդական խորհրդարան, եւ իրենք մանրամասն ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը՝ իրենց երկրում այն կիրառելու նպատակով:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցները պատասխանել են միմյանց հետաքրքրող հարցերի եւ քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները: