ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խումբը ԱԽ ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 19-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում շարունակել է ընդլայնված նիստի աշխատանքը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մասնավորապես Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման եւ ընթացիկ եզրակացությունների էությանը, ԱԺ-ում դրանց ներկայացման ու քննարկման ժամանակային եւ ընթացակարգային հարցերին, ինչպես նաեւ՝ ՀՊ-ի անդամների լիազորությունների դադարեցմանը եւ պատասխանատվության այլ նորմերի` մասնավորապես լիազորությունների գերազանցման դեպքում, ՀՊ կողմից լիազորությունների գերազանցման պարագայում տնտեսվարող սուբյեկտների պաշտպանության խնդրին, ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների հաշվեքննությանն ու ՎՊ-ՀՀ Ազգային ժողով եւ ՎՊ-ՀՀ կառավարության միջեւ հարաբերություններին:
Իրենց ելույթներում արտերկրից հրավիրված փորձագետները կարեւոր են համարել Վերահսկիչ պալատի գործունեության հրապարակայնությունը: Այս համատեքստում կարեւորվել են ՎՊ-ի հարաբերությունները շահագրգիռ կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ, քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր միությունների հետ կապը բարձրացնում է Պալատի աշխատանքի արդյունավետությունը:
Ամփոփելով երկօրյա նիստի աշխատանքը՝ Գագիկ Մինասյանն այն համարել է շատ օգտակար եւ արդյունավետ: Նա նշել է, որ ավարտելով վիճահարույց եւ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հարցերի վերաբերյալ ակտիվ քննարկումները՝ խմբին հաջողվել է ստանալ դրանց պատասխանները, որոնք էլ ճիշտ ձեւակերպումներով կարտացոլվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի լրամշակվող նախագծում: Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ աշխատանքների ավարտին կհաջողվի Ազգային ժողովին ներկայացնել այնպիսի օրենքի նախագիծ, որը կհամապատասխանի եւ՛ միջազգային ընդունելի չափանիշներին՝ INTOSAI սկզբունքներին, եւ՛ նաեւ փորձարկված կլինի:
Տեղեկացնենք, որ մարտին աշխատանքային խմբի ներկայացուցիչները Էստոնիայում կուսումնասիրեն արտաքին աուդիտի իրականացման էստոնական փորձը: