Մարտի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Ջերմուկի կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Տիկին Նաղդալյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է հինգերորդ գումարման խորհրդարանի գործունեությանը, սահմանադրական փոփոխություններին եւ խորհրդարանական կառավարման համակարգին:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, քաղաքական ուժերի հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցերը:
Աշակերտների խնդրանքով՝ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նաեւ ապրիլի 2-ի համապետական ընտրություններին եւ Ընտրական նոր օրենսգրքին: Տիկին Նաղդալյանը կարեւորել է վստահության մթնոլորտի ստեղծումը հասարակության մեջ եւ ժողովրդավարության կայացման գործընթացը:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում տիկին Նաղդալյանը սիրով պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանական կառավարման համակարգին, արտագաղթի խնդիրներին, մեր տարածաշրջանի անվտանգությանը, պետության տնտեսական հզորացմանը, ինչպես նաեւ իրենց բնակավայրին ու տարածաշրջանին առնչվող հարցերին:
Հանդիպման ավարտին աշակերտները եւ ուսուցիչները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ լիագումար նիստերի դահլիճում: