Մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակին նվիրված եւ «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից Երեւան եկած պատանի երկրապահների երդման արարողությունը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքին: Միջոցառմանը ներկա են գտնվել Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ, լրագրողներ:
Պատանի երկրապահներին շնորհավորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ովքեր հորդորել են պատանիներին լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի արժանի ժառանգները, անմնացորդ ծառայել հայրենիքին եւ հայ ժողովրդին:
Երդման արարողությունից հետո պատանի երկրապահները հանդես են եկել ելույթներով՝ ցուցադրելով իրենց մարզական հմտությունները, ներկայացնելով մարտական եւ պարային համարներ: