Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ են ժամանել Բելգիայի Թագավորության դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին:
Մարտի 20-ին պատգամավորները Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախակի դարձած հանդիպումները հարաբերությունների ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:
«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի եւ նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ եւ ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի է կարեւորվում, եւ իրենք ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող զարգացումներին:
Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ էր Արցախում, խորհրդարանի նախագահին ներկայացրել է Արցախի վերաբերյալ իր դիտարկումը.
«Ես այստեղ տեսնում եմ մի երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:
Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխանել Արցախի կարգավիճակին եւ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաեւ ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ: