National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.10.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու համաձայնագիրը` բացառությամբ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի /Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0/ վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի:

Խորհրդարանականները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին այցելած ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել «Դատախազության մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում Հրայր Թովմասյանը դրական է գնահատել ներկայացված նախագիծը, նաեւ ներկայացրել առաջարկներ: Գեւորգ Պետրոսյանը նկատել է, թե հիմնավորված եւ հստակ չեն որոշ դրույթներ: Օրինակ՝ հստակ չէ, թե ինչ է նշանակում «պետական շահ» հասկացությունը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին 2 տասնամյակում հաճախ փոխվել է դատախազության վերաբերյալ ՀՀ օրենքը, սակայն դրական փոփոխություններ չեն արձանագրվել համակարգում: Ռուստամ Մախմուդյանը եւս առաջարկներ է ներկայացրել, խոսել հստակեցման կարիք ունեցող դրույթներից: Արտակ Զեյնալյանը հայտնել է իր մտահոգությունները, անհրաժեշտ համարել նախագծի լրամշակումը:

Նիստի ընթացքում պատգամավորները ողջունել են Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել են պատգամավորների հնչեցրած գնահատականներին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի եւ Մուրադ Մուրադյանի հեղինակած «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը 

Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման, որոշ խմբագրական փոփոխությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, աշխատակազմի ղեկավարի խորհրդականների եւ օգնականների, Ազգային ժողովի խմբակցությունների փորձագետների (մասնագետների) պաշտոնները համարվում են հայեցողական, իսկ համապատասխան պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին: Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված լրացումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ, որը նախատեսում է հանրային ծառայության բոլոր մարմիններում, այդ թվում? նաեւ Ազգային ժողովի աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման եւ աուդիտորների պաշտոնների ստեղծում: Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմում դրանք ընդգրկված են աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկում, սակայն, հաշվի առնելով նրանց վերապահվող առանձնահատուկ դերն ու նշանակությունը, այս լրացումով սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր:

Քննարկվել են մի շարք համաձայնագրեր

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը քննարկման է ներկայացրել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ /կամ/ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Սարգսյանը:

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արամ Սարգսյանը:

Հովհաննես Ազիզյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի /զորքերի/ միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաձայնագրով նախատեսվում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով ստեղծել ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորում, որը երկու երկրներում գործի է դրվելու ներքին եւ արտաքին ռազմական սպառնալիքի դեպքում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ քննարկվող համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից եւ ռազմական դոկտրինից: Ըստ նրա՝ դա տրամաբանական եւ օրինաչափ է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ եւ գտնվում են անվտանգության նույն՝ ՀԱՊԿ համակարգում: Անդրադառնալով քննարկման ընթացքում հնչած որոշ հարցերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բացառել է, թե համաձայնագրին կարող է միանալ նաեւ Ադրբեջանը, քանի որ դրա համար չկա համապատասխան իրավապայմանագրային բազա: Նա պարզաբանել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գտնվում են անվտանգության տարբեր համակարգերում. Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը՝ ոչ: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանի միակ եւ ուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ է եւ Պակիստանի հետ միասին խրախուսել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: «Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ելույթն ամփոփել է Էդուարդ Շարմազանովը:
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգտվել է արտահերթ ելույթի իր իրավունքից

Միքայել Մելքումյանը խոսել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միջեւ ռազմաքաղաքական դաշինքի հեռանկարի մասին:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

Գեւորգ Գորգիսյանը խոսել է համաձայնագրի դրույթների մասին, ներկայացրել իր մտահոգությունները՝ կապված մասնավորապես ներքին սպառնալիքի դեպքում ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի խմբավորման գործունեության հետ: Արամ Սարգսյանը կասկած է հայտնել՝ կապված համաձայնագրի ընդունման նպատակահարմարության հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, ՀՀ ռազմական քաղաքականությանը, հայտնել իր մտահոգությունները վերոնշյալ հարցերի վերաբերյալ:  Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ համաձայնագիրը մեր ռազմական անվտանգային կարողությունները փաստացի ավելացնելու եւ կատարելագործելու հնարավորություն է: Պատգամավորն ընդգծել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որի համար հարավային ուղղությամբ կենսական ռազմավարական հետաքրքրություններն անվտանգության ոլորտում համընկնում են Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների հետ եւ հավելել, որ Ռուսաստանն այս հարցում մեզ պետք է այնքան, որքան մենք՝ ՌԴ-ին: Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ համաձայնագիրը երբեւէ չի գործելու ի շահ մեր երկրի. այն սահմանափակելու է մեր հնարավորությունները: Արման Սաղաթելյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը որեւէ կերպ չի ենթադրում ինքնիշխանության տարրի զիջում, հակառակը՝ այն ենթադրում է ռազմական ներուժի ավելացում: Պատգամավորը կոչ է արել այս հարցի վերաբերյալ առարկայական եւ անաչառ քննարկումներ ծավալել: Արտաշես Գեղամյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, նշել է, որ այն պատասխան է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված ռազմավարական դաշինքի եւ փոխօգնության մասին պայմանագրին: Արտակ Զեյնալյանը խոսել է միացյալ զորախումբ ստեղծելու նպատակահարմարության մասին եւ կարծիք հայտնել, որ վտանգավոր պայմանագիր է քննարկվում: Միհրան Հակոբյանը, պատմական փաստեր մեջբերելով, անդրադարձել է երկրի ինքնիշխանության գաղափարի վերաբերյալ գործընկերների մտահոգություններին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահրամ Բաղդասարյանը

Խմբակցության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կողմերն ինքնուրույն ապահովելու են իրենց սպառազինությունը եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, բայց խնդրի կատարման համար կարող են օգտվել մյուս կողմի սպառազինությունից եւ տեխնիկայից: Նշվել է, որ զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում է Հայաստանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ հակաօդային պաշտպանությանը վերաբերող համաձայնագրին եւ արձանագրել, որ համաձայնագրի կողմերից որեւէ մեկը չի կարող օգտագործել մեր օդային տարածքը: Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ համաձայնագրի վավերացմամբ մեր երկիրը կգտնվի շահեկան վիճակում:

Եզրափակիչ ելույթներում Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Զաքարյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին:

ՀՀ ԱԺ նիստի ընթացքում պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ողջունել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականերին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում ելույթ ունենալը: Տեղեկացնելով, որ սա իր առաջին պետական այցն է Հայաստան, Միլան Շտեխը Չեխիայի Հանրապետության անունից եւս մեկ անգամ շնորհավորել է հայ խորհրդարանականներին՝ պատգամավորական մանդատ ստանալու կապակցությամբ եւ գոհունակությամբ փաստել, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նա հույս է հայտնել, որ իր այցը եւս նպաստավոր կլինի:

Պարոն Շտեխն ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, ինչը հիմնված է նաեւ քրիստոնեական արմատների վրա: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների նախագահների կատարած փոխայցերը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ պարոն Շտեխն արժեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը եւ ընդգծել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի դերն ու հաճախակի այցերը Չեխիայի Հանրապետություն:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության հարցին` Միլան Շտեխը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունը կխթանի Հայաստան- Եվրամիություն գործընկերային կապերը:

ՉՀ խորհրդարանի Սենատի նախագահի խոսքով՝ Չեխիան պատրաստակամ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում, ինչին կնպաստի նաեւ այսօր Երեւանում այսօր տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովը:

Շնորհակալություն հայտնելով չեխ գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի՝ Հայաստան կատարած այցը եւ հավաստիացրել, որ հայ պատգամավորները պատրաստակամ են ներդնելու բոլոր ջանքերը՝ երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ առկա բարեկամությունն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու համար:

Պատգամավորները շարունակել են օրենսդրական աշխատանքը եւ համաձայնագրերի քննարկումը 

Արտակ Զաքարյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրերի վերաբերյալ ներկայացրել է Ֆելիքս Ցոլակյանը:

Հաջորդ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ներկայացրել է Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կորյուն Նահապետյանը:

Համաձայնագրի քննարկումը կշարունակվի ՀՀ ԱԺ հոկտեմբերի 5-ի նիստում:

Օրվա վերջին նիստը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն հատկացվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am