ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Լսումներին կմասնակցեն ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին հանձնաժողովը կայցելի Երեւանի «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բուժհատվածներ՝ ծանոթանալու դրանց կահավորմանն ու սպասարկմանն առնչվող հարցերին եւ խնդիրներին:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ առաջիկայում հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկումներ կազմակերպել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաեւ Ամուլսարի հետ կապված խնդիրների վերաբերյալ: