National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովում

Խորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների կարգավորման գործում դարձել է ժամանակի հրամայականը, իսկ ընդհանուր ժողովրդավարացման եւ ժողովրդավարության տարածման համատեքստում խորհրդարանների դերը կարեւորվում է մի շարք պատճառներով. առաջին` ժողովրդավարությունը ամենակարճ եւ ամենաարդյունավետ ճանապարհն է դիմակայելու դարաշրջանի մարտահրավերներին` ահաբեկչությանը, պատերազմին, մարդու իրավունքների խախտումներին, սովին եւ աղքատությանը: Ուժեղ խորհրդարանը նշանակում է զարգացած եւ կենսունակ ժողովրդավարություն: Այս իմաստով կարեւոր է սահմանադրական մակարդակով եւ ներպետական օրենսդրության մեջ երաշխավորել խորհրդարանի լիազորությունները` անընդունելի համարելով դրանց սահմանափակման որեւէ փորձ: Խորհրդարանը, լինելով ներկայացուցչական մարմին, ժողովրդին ամենամոտ պետական ինստիտուտն է: Բաց խորհրդարան ունենալ նշանակում է առաջնորդվել թափանցիկության սկզբունքով, առավելագույնս մատչելի ու հասանելի լինել ընտրողների համար եւ պատրաստ լինել համագործակցության` միջազգային ասպարեզում: Այս առումով անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը` որպես ժողովրդավարության տարածման լավագույն ճանապարհներից մեկը:

Ակտիվ երկխոսությունը բոլոր ժողովրդավարական հաստատությունների եւ անհատների միջեւ մեզ հնարավորություն է ընձեռում ուղղորդել մեր գործունեությունը համատեղ ծրագրերի եւ նպատակների շրջանակներում: Մենք պատրաստ ենք համագործակցության եւ բաց` յուրաքանչյուր ժողովրդավարական նախաձեռնության առջեւ:  Ցավոք, մեր ադրբեջանցի գործընկերները միջազգային ատյաններում օգտագործում են բոլոր հնարավոր բեմերը` միայն հանդիմանելու եւ քննադատ ելու Հայաստանին` փոխանակ խոսելու տարածաշրջանային հիմնախնդիրների,ժողովրդավարության զարգացման, համագործակցության ընդլայնման եւ հարեւանների հետ լավ հարաբերությունների հաստատման հնարավորությունների ու հեռանկարների մասին: Արդեն վաղուց` բոլորն ամեն ինչ գիտեն. գիտեն` ինչն է իրական, ինչն է ներկայացվում իբրեւ իրականություն: Ղարաբաղյան հակամարտությունը ղարաբաղյան ժողովրդի պայքարն էր` հանուն ինքնորոշման եւ ազատության իրավունքի, որը նրանց հաջողվեց ձեռք բերել մի պատերազմի միջոցով, որը հրահրվեց հենց Ադրբեջանի կողմից:

Տասնամյա խաղաղությունը, որին ակտիվորեն նպաստել էմիջազգային հանրությունը,լավ հնարավորություններ է ստեղծում արդարացի եւ տեւական լուծում գտնելու ղարաբաղյան խնդրի համար: Հայաստանը միշտ կողմ է եղել տարածաշրջանային համագործակցությանը` որպես վստահության ձեւավորման միջոց: Այս համատեքստում ցանկացած դեստրուկտիվ քաղաքականություն, որը նպատակ ունի մեկուսացնել տարածաշրջանի երկրներից որեւէ մեկը, անընդունելի է եւ կվտանգի տարածաշրջանի կայունությունը: Խոսքը վերաբերում է Գյումրի-Կարս պատրաստի երկաթուղագիծը գործարկելու փոխարեն նոր երկաթգիծ կառուցելուն միտված թուրք-ադրբեջանական ջանքերին, որոնց նպատակը Հայաստանիմեկուսացումն է: Նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանային համագործակցությանը, այդ պատճառով ենք մենք շեշտում, որ առկա խնդիրները պետք է լուծել կառուցողական երկխոսության միջոցով, այլ ոչ թե արդեն վաղուց մեզ համար ոչինչ չասող ագրեսիվ կոչերի, որոնք պետք է մնան անցյալում, քանի որ մեզ համար շատ ավելի կարեւոր է համագործակցությունը հանուն ապագայի, որը ենթադրում է խաղաղ Կովկաս, համագործակցության եւ երկխոսության վրա խարսխվող տարածաշրջան, որը դրսեւորվելով իբրեւ միասնական եւ քաղաքական տարածք, իր ապագան պետք է տեսնի միացյալ եվրոպական ընտանիքում:

Այս լույսի տակ կցանկանայի նշել տարածաշրջանում ծավալած մեր ակտիվ երկխոսությունները, որտեղ քննարկվեցին մեր խնդիրների լուծման տարբեր ասպեկտներ: 2003-2005 թվականներին ես մի քանի հանդիպումներ եմ ունեցել Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների նախագահների հետ: Ստորագրված հուշագրի համաձայն` 2007 թ. հունվարի 1-ից կգործի Հարավկովկասյան Խորհրդարանական Վեհաժողովը: Վստահ եմ` այն մեծապես կնպաստի խնդիրների լուծմանը Հարավային Կովկասում, կոնֆլիկտներից զերծ եւ ժողովրդավարական տարածաշրջան ունենալուն` նաեւ խորհրդարանների շնորհիվ:

Ժողովրդավարացման գործընթացը երկրի ներքին մարտահրավերներից մեկն է, քանզի միայն ժողովրդավարական երկիրը կարող է ձեւավորել առաջադեմ հասարակություն, որը պատրաստակամէ պահպանել արդարության, հավասարության եւ ազատության սկզբունքները: Մենք գիտակցում ենք այս գործընթացի կարեւորությունը մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում եւ կարող ենք ասել, որ Ազգային ժողովը կարեւոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ` ընդունելով նոր Ընտրական Օրենսգիրքը եւ ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, որոնք կենթադրեն իշխանության ապակենտրոնացում, անկախ եւ պատասխանատու դատական համակարգ, ազատ շուկա, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության արդյունավետ երաշխիքներ, ուժեղ տեղական ինքնակառավարում, ինչպես նաեւ արդար, թափանցիկ եւժողովրդավարական ընտրություններ: Մեր համոզմամբ հենց ազատ եւ թափանցիկ ընտրություններն են, որ կարող են հիմք ծառայել երկրի նկատմամբ վստահության աճի եւ ներդրումների մեծացման համար: Վաղուց ասված է` քվեն փամփուշտից զորեղ է: Եվ մենք իրոք պետք է պոռթկում կատարենք այս թեզը իրականություն դարձնելու համար հենց առաջիկայում: Միջազգային ստանդարտներին համապատասխան օրենսդրություն եւ քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար` սրանք կարեւոր առաջնահերթություններ են հանդիսանում: Հայաստանն այսօր գտնվում է բարեփոխումների հետաքրքրիր եւ պատասխանատու փուլում եւ մեր ներկան ու առաջիկա մի քանի տարիները կարեւոր նշանակություն ունեն` դրանք մեր երկրում անշրջելի դարձնելու համար: Այս առումով. մենք ուրախ կլինենք համաշխարհային հանրությանը ներկայանալ մեր մշակույթով եւ ժողովրդավարական ամուր ավանդույթներով: Ես համաձայն եմ, որ մեր ժողովրդավարությունը դեռես երիտասարդ է, բայց լինել երիտասարդ չի նշանակում լինել դիլետանտ: Մենք պետք է համաշխարհային հանրությանը ներկայանանք մեր մոտեցումներով եւ յուրացնենք այլ երկրների արժեքավոր փորձը: Ժողովրդավարական ամուր ավանդույթներով, մրցունակ եւ կազմակերպված պետությունը հենց այն տեսլականն է, որ մեզ առաջ պետք է մղի:

Լույս տարածելու երկու ձեւ գոյություն ունի. դու կարող ես լույս վառել, կամ դառնալ այն հայելին, որն արտացոլում է լույսը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am