National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.07.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանի նախագահը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի` ՀՀ ԿԸՀ-ի մանդատը համապատասխան թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը: Ըստ այդմ՝ ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցանկի հաջորդ թեկնածուն Հրանտ Դավթյանն է: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` նորընտիր պատգամավորը երդվել է:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առեւեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյունքում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով:

Նախարարի խոսքով` կներվի շուրջ 13,7 մլրդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150.000 անձինք:

Արտակ Զեյնալյանը ներկայացրել է այն իրավախախտումները, որոնց վրա չի տարածվի օրենքը: Դրանք են՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթեւեկելը:

Ըստ Արտակ Զեյնալյանի` այս նախագիծը կբարելավի մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հարակից զեկուցողը նշել է, որ նախագիծը բուռն քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել, պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցին անդրադառնալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է բարեխիղճ եւ անբարեխիղճ վճարողների տարանջատման նպատակահարմարությանը:

Նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվել է համաներման մանրամասներով, մասնավորապես պարտավորություններից քաղաքացիների ամբողջական կամ մասնակի ազատման հնարավորությամբ:

Միհրան Պողոսյանը, դեմ չլինելով օրինագծի ընդունմանը, առաջարկել է փոխհատուցում նախատեսել բարեխիղճ վճարումներ կատարած վարորդների համար:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է օտար պետհամարանիշերով մեքենաների տուգանման հարցին: Նրա խոսքով՝ պատշաճ ծանուցում չի իրականացվել այդ մեքենաների վարորդներին, ուստի առաջարկեց համաներման մեջ վերջիններիս համար ընդգրկել նաեւ 2018թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածը:

Հովիկ Աղազարյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, առաջարկել է ոչ թե զրոյացնել պարտքերը, այլ 3-4 անգամ նվազեցնել, հակառակ դեպքում այդ ամենը կնպաստի, որպեսզի քաղաքացիները շրջանցեն օրենքները: Նա քաղաքացիների նկատմամբ հավասար սկզբունքի պահպանման համար առաջարկել է համաներում տարածել 2018թ. հունվարից 1-ից մինչեւ հուլիսի 1-ը խախտում կատարած անձանց նկատմամբ, իսկ այն բարեխիղճ քաղաքացիները, ովքեր նախորդ տարիներին վճարել են, այս 6 ամիսների խախտումների համար ազատվեն այդ պարտավորությունից:

Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ` նախագիծը լավն է, բայց թերի: Նա առաջարկել է ավելացնել քաղաքացիների համար հավասար պայմաններ ապահովող դրույթ: Ըստ պատգամավորի` պետք է ներդնել վաուչերի ինստիտուտ` բարեխիղճ վճարում կատարող քաղաքացիներին խրախուսելու համար: Ըստ նրա` առաջին անգամ խախտում կատարողները պետք է ազատվեն տուգանքից, իսկ կրկնակի խախտման դեպքում` 50 տոկոսով ներվեն:

Ալեն Սիմոնյանի խոսքով` այս նախագիծը միտված է քաղաքացիների բեռը թեթեւացնելուն:

Ռուստամ Մախմուդյանի կարծիքով` նախագծի գաղափարը լավն է, բայց դրա քննարկումը փոքր-ինչ ժամանակավրեպ է, քանի որ կան որոշ իրավական հարցադրումներ, որոնց պետք է պատասխաններ տրվեն:

Գեւորգ Պետրոսյանը Կառավարությանն առաջարկել է հիմնովին վերանայել տուգանքների քաղաքականությունը, մասնավորապես մտածել կարմիր գծերի գաղափարից ազատվելու մասին: Պատգամավորի խոսքով` ներկայացված նախագիծը ողջունելի է, բայց պետք է աշխատել այն ամբողջական դարձնելու ուղղությամբ:

Միքայել Մելքումյանը եւս կարեւորել է բարեխիղճ վարորդներին փոխահատուցում տրամադրելը: Ըստ խորհրդարանի փոխնախագահի` պետք է վիճակագրություն լինի, թե տարեկան քանի վարորդ է առաջին երկու տարին բարեխղճորեն վճարել խախտումների համար, իսկ երրորդ տարում` չվճարել` հասկանալու համար չվճարելու պատճառները: Միքայել Մելքումյանը դեմ է մակերեսային փոփոխություններին:

Արմենուհի Կյուրեղյանի համար նախագիծն ընդունելի է, բայց դեռեւս չլուծված հարցեր կան: Նա գտնում է, որ պետք է բարեխիղճ քաղաքացիներին հնարավորություն տրվի իրենց վճարած գումարները օգտագործել որպես փոխհատուցում հետագայում կատարվելիք խախտումների համար:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է համաներման տարածումը մինչեւ մայիսի վերջն ընկած ժամանակահատվածի համար, քանի որ, ըստ նրա, ապրիլ-մայիս ամիսներին հայտարարություններ են հնչել, որ տեսախցիկները չեն աշխատում, սակայն պարզվել է, որ այդ օրերին մարդիկ տուգանվել են:

Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով նախագծի կարգավորումների շրջանակին, նշել է, որ հստակ հիմնավորում չի ներկայացվել եւ հասկանալի չէ համաներում կիրառելու տրամաբանությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը դրական է, սակայն չկա այն չափանիշը, որով առաջնորդվել է կառավարությունը՝ տուգանքը չվճարած քաղաքացիներին համարելով անվճարունակ:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, առաջարկներին, տվել պարզաբանումներ եւ ընդունելի համարել պատգամավորների որոշ առաջարկներ:

Արտակ Զեյնալյանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը եւ այն 2018 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2019 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փոփոխության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարը՝ նշելով, որ 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում եւ պաշտպանական որոշում: Օրենքը ամրագրում է պաշտպանական որոշման ընդունման հիմքերը եւ կարգը, ըստ որի՝ նման որոշումն ընդունվում է դատարանի կողմից՝ ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի կամ նրա համաձայնությամբ՝ աջակցության կենտրոնի դիմումով: Նախարարի խոսքով՝ պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը եւ պաշտպանական որոշման դադարման հիմքերը պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի եւ առաջարկվում է կատարել համապատասխան լրացումներ:

Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրկնապատկել դատապարտյալների համար սահմանված կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների ժամանակը:

Հաջորդիվ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը տեղեկացրել է, որ առաջարկվում է երեք փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Նպատակն անձի իրավական վիճակի բարելավումն է: Մասնավորապես առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել նաեւ այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում, այլ զորքերում, ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զիվորական ստորաբաժանումններում զիվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր: Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք վերապահել այն անձանց, ովքեր մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռեւս չեն ավարտել ուսումնառությունը:

Մյուս փոփոխությունն էլ վերաբերում է տարկետման իրավունքով բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունված ուսանողներին տարկետում տալուն:

Պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն մեկնարկել է 2014 թվականին եւ իրականացվելու է մինչեւ 2020-ը, բաղկացած է երկու «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներից: Ներկայում նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է: Ըստ զեկուցողի՝ «Մշակույթ» բաղադրիչի կիրարկման համար նախատեսվում է. 454.8 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի առավել ակտիվ հասարակական կազմակերպություններին եւ հրատարակչական ոլորտում մասնագիտացած կազմակերպություններին:

Նշյալ ծրագիրը հասանելի է ԵՄ անդամ երկրներին, այդ թվում՝ Իսլանդիային, Նորվեգիային, Մոլդովային եւ Վրաստանին:

Ծրագրի ֆինանսական պարտավորությունը «Մշակույթ» բաղադրիչին միանալու դեպքում կկազմի 52 հազար եվրո:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու հուշագրի ստորագրումը համարել պատմական, կարեւոր եւ ուշացած: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է դրա ընդունումից հետո տարածել տեղեկատվություն, թե ովքեր եւ ինչպես կարող են մասնակից դառնալ ծրագրերին:

Դրական էր նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Հաշվի առնելով 2015թ. Սահմանադրությամբ ՀՀ անցումը խորհրդարանական համակարգի եւ դրանով իսկ ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակումը եւ ՀՀ վարչապետի լրազորությունների ընդլայնումը՝ առաջարկվում է պայմանագրի 10-րդ կետում կատարել փոփոխություն, որը կնախատեսի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելու հնարավորություն, եթե համապատասխան պետության օրենսդրությամբ նա օժտված է բարձրագույն խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշումներ ընդունելու լիազորություններով: Հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Օրվա ընթացքում քննարկված օրենքների նախագծերն արժանացել են խորհրդարանի հավանությանը: Օրինագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ԱԺ արտահերթ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում:


11.07.2018
«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի». Էդուարդ Շարմազանովը՝ Լեհաստանի Սենատի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ: Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու...

11.07.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին հանձաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների: ՀՀ արդարադատության նախա...

11.07.2018
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գ...

11.07.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ն նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

11.07.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

11.07.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

11.07.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10.07.2018, ժամը 12:00, 414 սենյակ, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.07.2018, ժամը 09:30, 314 սենյակ, Արտաքին հարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS