ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Կողմերը կարեւորել են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ամուր բարեկամական կապերի ու ավանդական ջերմ հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը, կարեւորել օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքի անհրաժեշտությանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության ակտիվացմանը:
Միքայել Մելքումյանն առաջարկել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների համագործակցության համատեղ ձեւաչափ ստեղծել, որն առավել սերտ շփումների ու գործնական կապերի ընդլայնման հնարավորություն կընձեռի: Դեսպանն այս հարցում իր իրավասության շրջանակում աջակցության պատրաստակամություն է հայտնել: