Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Լենա Նազարյանը կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամությունը` անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակով:
Դեսպանն ընդգծել է, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարեւորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Նա եւս մեկ անգամ իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրող օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը: