Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն երկկողմ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ԵԽԽՎ-ի հետ համագործակցության ոլորտները: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ կարեւորվել են փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի եւ նրա ինստիտուտների՝ ԵԽԽՎ-ի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովի հետ եւ մյուս բոլոր կառույցների դերակատարումը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին աջակցելու համար:
«Վերահաստատել ենք այն իրողությունը, որ անցյալ տարի ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն այլեւս անշրջելի են: Արժեւորել ենք մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների, ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած բարձր գնահատականները»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանությանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցերի:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԺ նախագահին ընդունելության եւ քննարկումների համար:
Լիլիան Մորի Պասքիեն տեղեկացրել է, որ եւս մեկ անգամ վերահաստատվել է, որ Եվրոպայի խորհուրդը սատարում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներին եւ պատրաստակամ է դրա հետագա աջակցմանը: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ արծարծվել են որոշակի խնդիրներ, որոնց առջեւ կանգնած է Եվրոպան եւ որոնք պետք է լուծվեն: «Ընդհանուր առմամբ դրանք են բռնությունը, ատելությունը, կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարությունը, պայքարը պոպուլիզմի, ազգայնականության դեմ: Սրանք մարտահրավերներ են Եվրոպայի համար, եւ մենք պետք է միահամուռ ջանքերով պայքարենք նման երեւույթների դեմ, որպեսզի ունենանք ավելի ապահով, ավելի հուսալի եւ խաղաղ մայրցամաք»,- նշել է Լիլիան Մորի Պասքիեն: