ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ի նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւկադաստրի կոմիտեի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է 2020-2022 թվականների ընթացքում իրականացվելիք մրցակցային քաղաքականության գերակա ուղղությունները, մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված կարգավորման մեխանիզմները:Հանձնաժողովը 2020 թվականին կանխատեսում է իրականացնել 403 մլն 303 հազար դրամի, 2021 թվականին՝ 410 մլն 960 հազար դրամի եւ 2022 թվականին՝ 417 մլն 41 հազար դրամի ընդհանուր ծախսեր:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի ներկայացմամբ՝ 2020-2022 թվականների ընթացքում կառույցն անցում կկատարի առցանց ծառայությունների համակարգին՝ հրաժարվելով թղթային փաստթղթաշրջանառությունից: Ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կիրականացվեն մի շարք կառուցվածքային փոփոխություններ: 2020-2022 թվականներին իրականացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրման եւ կադաստրային քարտեզներում տեղ գտած անճշտությունների ուղղման աշխատանքներ:
2020 թ. հիմնական ծրագրերն իրականացնելու համար կոմիտեին բյուջեով նախատեսվել է 5 մլն 200 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլն 700 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 6 մլն 300 հազար դրամ: