ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին քննարկվել է հանձնաժողովի կողմից ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման եւ ընտրության հարցը:
ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի տեղեկացմամբ՝ կանանց հարցերով խորհրդում Ազգային ժողովի դիրքորոշումը կներկայացնի 4 պատգամավոր, որոնցից 3-ը կլինեն ներկայացուցիչներ խմբակցություններից, 1-ը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովից:
Մարիա Կարապետյանը խորհրդում հանձնաժողովի ներկայացուցիչ է առաջադրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի թեկնածությունը. ով միաձայն ընտրվել է:
Հանձնաժողովում նաեւ քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:
Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտվում է քաղաքացիական հասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը:
Նշվել է, որ հայտարարությունը բաց է այլ պատգամավորների միանալու համար:
Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնությունը: