ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի տեղեկացմամբ՝ օրինագծով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, նմանակների, իրացման շրջանառության եւ օգտագործման իրավական հիմքերը: Ամրագրված են նաեւ առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովմանը, փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները: Հստակեցված է այն տարածքների շրջանակը, որտեղ արգելվում է ծխախոտի օգտագործումը:
Գործող օրենքի համեմատ ընդլայնվել են ծխախոտի օգտագործման, ցուցադրության, գովազդի, վաճառքի կարգավորումների մասով սահմանափակումները:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ գործադիրը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից եւ տարիների ընթացքում նվազեցնել ծխախոտի օգտագործումից առաջացող հիվանդությունների ցուցանիշը: Նախարարը կարեւոր է համարել նման քննարկումները:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ կան տարատեսակ կարծիքներ եւ քննարկման արդյունքում խմբակցության կողմից ձեւավորված առաջարկությունները կներկայացվեն նախարարությանը: