Հունվարի 17-ին խորհրդարան են այցելել սփյուռքահայ մի խումբ երիտասարդներ, որոնք Հայաստանում են գտնվում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Երիտասարդների այցը Հայաստան կազմակերպել է «Դեպի Հայք» հիմնադրամը:
Ճանաչողական այցով օրենսդիր մարմին այցելած հյուրերին ընդունել եւ նրանց հետ զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Ողջունելով երիտասարդ կամավորականներին՝ պատգամավորը կարեւորել է հայրենադարձությունն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը՝ այս համատեքստում դրական գնահատելով նրանց այցը Հայաստան: Ըստ նրա՝ «Դեպի Հայք» հիմնադրամի հայրենաճանաչողական այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «Ամեն ինչ պետք է անել՝ ամրապնդելու համար երիտասարդների կապը հայրենիքի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ այս ծրագրով Հայաստան այցելած երիտասարդներն այնուհետ հաստատվել են հայրենիքում:
Տեղի է ունեցել ջերմ զրույց, պատգամավորը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Երիտասարդներն այնուհետեւ եղել են խորհրդարանի նիստերի դահլիճում, գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանն ու տարբեր տարիների ԱԺ նախագահներին եւ փոխնախագահներին ընծայված հուշանվերներին: