Խորհրդարանը մարտի 31-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հետեւել է սոցիալական ցանցերում նախագծի առնչությամբ հնչող քննադատություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նա հիշեցրել է, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, դրանից հետո որեւէ սահմանափակում չի գործելու: Նա հստակեցրել է, որ որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում եւ մշակվում, այլ օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում` համաճարակի դեմ պայքարելու համար: Այդ տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո, դա վերաբերելու է ոչ միայն անձնավորված, այլ նաեւ ապանձնավորված տվյալներին: Նախարարի հավաստմամբ` այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցությունների բովանդակության բացահայտում, կարեւոր է զանգի կատարման եւ տեղակայման փաստը: Տվյալների մշակումը կարող է իրականացվել սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով, այսինքն եթե անձը ռիսկի գոտում չէ, ապա մշակված տվյալների հիման վրա չի կարող վերլուծություն կատարվել, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկների հիման վրա լրամշակվել է փաթեթը: Բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից տվյալներ պահանջելու եւ ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը. բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո: էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման հետ կապված կարգավորումներն այնպես են վերաձեւակերպվել, որ հստակ լինի դրանց կիրառման այլընտրանքային բնույթը:
Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նախաձեռնության որոշ խնդրահարույց դրույթներին եւ առաջինից երկրորդ ընթերցում իրականացված լրամշակումներին:
Նախաձեռնության հիմնավորումներին անդրադարձել են նաեւ ԱԺ պատգամավորները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Տարոն Սիմոնյանը: Առաջարկվող սահմանափակումները, ըստ նրա, մարդու իրավունքների բնագավառում շատ են եւ դրանք չեն արձանագրելու ցանկալի նպատակ: Տարոն Սիմոնյանի գնահատմամբ` համաճարակի դեմ պայքարելու առաջարկվող գործիքը եւ տեխնիկական, եւ մասնագիտական առումով տեղին չէ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող մեխանիզմը չի աշխատելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ` վիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ են համարժեք արագ լուծումներ, ինչին էլ միտված է Կառավարության առաջարկը: Նա ընդգծել է, որ ամենաժողովրդավար պետություններում անգամ այս օրերին մտցվում են աննախադեպ սահմանափակումներ, քանի որ մարդկանց կյանքին է վերաբերում խնդիրը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք կողմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին` հնարավորություն տալով պարետատանն իրականացնելու անհրաժեշտ գործողություններ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում անդրադարձել է հնչած տեսակետներին ու մտահոգություններին: Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Կառավարությունն առաջարկում է կարգավորում համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության համար:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ իշխանությունների հասցեին հնչող որոշ քննադատությունների, մասնավորապես մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքներին: Նա հիշեցրել է, որ իրենք կյանքի մեծ մասն անցկացրել են այդ իրավունքի համար պայքարելով:
Համաձայնելով, որ այս կարգավորումը քիչ մարդկանց է վերաբերելու, քանի որ շատերը շփվելու են WhatsApp, Signal եւ այլ հավելվածներով` Արարատ Միրզոյանն այդուհանդերձ կարեւորել է այս գործիքը` ընդգծելով` դա կարող է տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանքին վերաբերել:
Ազգային ժողովի նախագահի խոսքով` Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը քննարկվել է, լրամշակվել եւ այժմ բարենպաստ ու հավասարակշռված կետի է հասցվել:
Եզրափակիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել են հնչած տեսակետներին ու առաջարկներին:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման ընթացակարգում օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու՝ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի փոխանցվող եւ ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող ու հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով»:
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում բաժնետիրական ընկերություններին առաջիկայում գումարվելիք իրենց տարեկան ժողովներն անցկացնել հեռակա տարբերակով: Պատգամավորի տեղեկացմամբ` առաջարկվող ռեժիմը գործելու է մինչեւ 2020թվականի նոյեմբերի 1-ը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Այնուհետեւ տեղի են ունեցել երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկություններ:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Քվեարկության արդյունքում չի ընդունվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: