National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.4.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.04.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 34

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկության արդյունքում նախորդ օրը քննարկված օրինագծերն ընդունվել են:

Պատգամավորները շարունակել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ալեքսեյ Սանդիկովը հայտնել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշել է, որ մասնավորապես օրերս ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը եւ այլ նախագծեր պատճառ են դարձել, որպեսզի հայտնի շրջանակների որոշ կայքեր եւ հեռուստաընկերություններ լայնածավալ հարձակումների ենթարկեն իշխանության տարբեր ներկայացուցիչների: Ալեն Սիմոնյանի խոսքով` հարձակումների նպատակը մեկն է` վարկաբեկել իշխանությանը: «Իշխանությունը նույնն է, իշխանությունը եղել է եւ կա, մնալու է նույնը` ժողովրդի մի մաս: Իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր գողացել են, ովքեր հանցագործություններ են կատարել` պատժվելու են: Հաճախ եք խոսել այս մասին, հաճախ ասել եք, որ շատ ավելի ուժեղ գործելու ժամանակն է: Այդ գործողությունները կատարվել են եւ կատարվելու են, կասկած չլինի, եւ բոլորն ստանալու են իրենց արժանի պատիժը»,- դիմելով ՀՀ քաղաքացիներին` մասնավորապես ասել է նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել հանրապետության մի շարք տարածքների` կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ:

Այս նպատակի համար վարկառուին տրվելու է տասներեք միլիոն չորս հարյուր հազար եվրո (13,400,000 եվրո):

Իրականացվելու է 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, մասնավորապես վերանորոգվելու են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներ, եւ արդեն մի շարք մրցույթներ հայտարարված են:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Նա հետաքրքրվել է վերանորոգվելիք ճանապարհների ճանապարհային քարտեզով, հորդորել դիտարկել մի շարք կարեւոր համայնքային ճանապարհներ եւս վերանորոգելու հնարավորությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ փաթեթը լրամշակվել է, դրանով նախատեսվում է համայնքների միավորման 2 ծրագիր իրականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում:

Նախագծով առաջարկվում է նաեւ հետաձգել 2020 թվականի հունիսի 14-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները:

Գլխադասային հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արման Աբովյանը, ով աննպատակահարմար է համարել համայնքների խոշորացումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով սահմանվում է, որ համայնքային հողերի օտարումից ստացվող ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքային բյուջեներ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Ըստ հիմնական զեկուցողի` արձանագրությունն ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին` Մոսկվայում: Համաձայնագրով ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա: Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ համաձայնագիրը որեւէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

Հարակից զեկուցող ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում եւ կոչ է արել կողմ քվեարկել:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Ըստ հեղինակի` իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ, ինչպես նաեւ մի շարք բիզնես նախագծերի ավելացմամբ: Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն կազմակերպության անունով` հնարավորություն տալով դրանց կիրառումը դարձնել շարժական: Ակնկալվում է, որ նշված խնդրի կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը եւ հնարավորություն կտա աշխատել օրենքի տառին համապատասխան:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը դրական դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ:

Պատգամավորները ելույթներում ընդգծել են, որ խնդիրն արդիական է եւ նախագծով հնարավորություն է տրվում լուծելու նաեւ կանխիկ դրամի շրջանառության ծավալների կրճատման, ստվերային գումարների հարկման հարցերը:

ՀՀ ԿԲ նախագահի թեկնածուի ընտրության արդյունքներն է ներկայացրել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: ՀՀ ԿԲ նախագահի թեկնածուի ընտրության քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: 104 կողմ եւ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարտին Գալստյանն ընտրվել է ՀՀ ԿԲ նախագահ:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարտին Գալստյանին եւ մաղթել հաջողություններ:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` կարեւորագույն խնդիր է հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտությունների կրճատումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի, ըստ ռիսկայնության աստիճանի, տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների, վերջիններիս մոտ ստուգումներ կարող են իրականացվել նաեւ քննիչի նշանակված ստուգման որոշումների հիման վրա: Ուստի եւ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ եւ 57-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ, համաձայն որոնց` հետաքննության մարմինը եւ քննիչը լիազորված են որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ:

Հիմնական զեկուցողի կարծիքով` օրենսդրորեն ամրագրումը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց բնականոն գործունեությունն իրականացնելու տեսանկյունից:

Հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը, պատասխանելով պատգամավորների` նախագծի օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերին, նշել է, որ այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ կոչ է արել պատեհ պահի կողմ քվեարկել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հակոբ Սիմիդյանի կողմից ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը եւ սպառելով օրակարգը` ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


17.04.2020
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ապրիլի 20-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն -11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00: Լրատվամիջոցների հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am