National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.9.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.09.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 13

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու ԱԺ որոշման նախագիծը:

Առաջին ընթերցմամբ շարունակվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը, որով  առաջարկվում է հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը  եւ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով:  Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:  Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվելու է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչեւ թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ:

Ելույթ ունեցող պատգամավորների կարծիքները միանշանակ չէին. որոշ պատգամավորների գնահատմամբ՝ փաթեթը  լրամշակման կարիք ունի, այլ պատգամավորներ էլ անհրաժեշտ էին համարում փաթեթի ընդունումը, քանի որ այն ըստ նրանց  ոչ միայն նպաստելու է  մարդկանց կյանքի ու   առողջության պահպանմանը, այլեւ  ունի հստակ նպատակ՝ իրականացնել շահագործվող տրանսպորտային միջոցի իրական տեխզննում՝ բացառելով այժմյան ձեւական մոտեցումը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության դրական  դիրքորոշումը  ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին, որոնք կարծում էին, թե փաթեթի ընդունումը բացասաբար է անդրադառնալու մարդկանց կենսամակարդակի վրա՝ նա նշել է, որ նախաձեռնության ընդունումը  դրական ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի եւ առողջության պահպանման տեսանկյունից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ  պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հեղինակներն առաջարկում են կարգավորել     խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակի եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակների առկայությունը, քանի որ դրանք  վարորդների կողմից նույնացվում են տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ եւ հաճախ վթարների պատճառ դառնում:  Հեղինակներն առաջարկում են  սահմանել վարչական պատասխանատվություն՝ դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ՀՀ դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Նիկոլայ  Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը, որոնք հեղինակներն  ընդունել են:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Կառավարության եզրակացությունները դրական էին:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի  32-րդ հոդվածը լրացնել նոր մասերով,  որով նախատեսվում է, որ 16 տարին լրացած երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը նա պետք է տա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով տվյալ երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,  այդ տեղեկությունները չեն վնասի նրան, եւ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը: 16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նախատեսվում է, որ երեխայի հոգեբուժական օգնությունն ու  սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Փոխնախարարի խոսքով՝ փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների վերացումն է:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը, տեղեկացնելով, որ նախագիծն արժանացել է դրական եզրակացության, կոչ է արել կողմ քվեարկել:

Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցման ընթացակարգով: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքով Առողջապահության նախարարությունը լիազորվել է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցում իրականացնել, որի հիմքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր դրույթով` պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար: Ըստ նախագծի՝ սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմինն իրականացնելու է պետական գրանցում` տրամադրելով սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ: Նախագծի ընդունմամբ՝ պետական տուրք կսահմանվի սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար` բազային տուրքի տասնապատիկի չափով:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը նշել է, որ առաջարկվող իրավակարգավորումներով ՀՀ-ում գրանցված ապրանքները հնարավոր կլինի ազատորեն արտահանել ԵԱՏՄ: Նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արարատ Միրզոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, Լիլիթ Մակունցի, Գոռ Գեւորգյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել, եւ նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Կառավարության հեղինակած «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանականներին է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2008թ. դեկտեմբերի 10-ին:

Հայաստանն արձանագրությունը ստորագրել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրության վավերացմամբ ՀՀ-ն ստանձնում է պարտավորություններ՝ ընդունելու անհատական հաղորդումներ դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ պատշաճ ուշադրություն դարձնելու իր իրավազորության ներքո անձանց բողոքներին: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ արձանագրության վավերացումը թույլ կտա ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակությունը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանի տեղեկացմամբ՝ նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ Վլադիմիր Վարդանյանը դաշնագիրը համարել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անկյունաքարային փաստաթղթերից մեկը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոնա Ղազարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի՝ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը: Նշվել է, որ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, որը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտելու մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները, ինչպես նաեւ  կատարելու օբյեկտիվ ընտրություն:

Նախագծի քննարկումը կշարունակվի ՀՀ ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում:

Քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոսել է բարեփոխումների շուրջ ստեղծված լարվածության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին: Նշվել է, որ նախարարությունն ունի բարեփոխումների ժամանակացույց, որը, ըստ նախարարի, կարող է հղկվել կառուցողական եւ խելամիտ առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք որոշ խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով՝ տարբեր ոլորտներում արագացումներ ու դանդաղումներ հարուցելու համար: Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային ու նյութական բարերար ազդեցությունները. տարբեր համայնքներում տասնյակ նոր դպրոցներ, նախակրթարաններ, մշակութային կենտրոններ են ստեղծվել, ստեղծվում եւ նորոգվում: Բանախոսն ընդգծել է, որ այս ամենին զուգահեռ հայեցակարգային, մայր օրենքներ ու փաստաթղթեր են մշակվում ու ներկայացվում. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքն ընդունվել է, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը հաջորդ շաբաթ կլինի խորհրդարանում, 5 ոլորտային ռազմավարություններ առաջիկայում կդրվեն հանրային քննարկումների, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն ընդունվել եւ կիրարկվում է:

«Այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ ենք գնում, մեկ րոպե ավել չեմ զբաղեցնի այս պաշտոնը»,-ասել է նախարարը:

Պատգամավորների հարցերն առնչվել են հայագիտական առարկաների դասավանդման հարցում նախարարության վարած քաղաքականությանը, դպրոցների կառավարման մոդելի փոփոխությանը, կրթական բարեփոխումների տեսլականին, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որոշ առարկաների դասագրքերի փոփոխության հնարավորությանը, դպրոցականների կողմից դիմակ դնելու նպատակահարմարությանը, բուհերի ռեկտորների ընտրության կարգին, ուսման վարձերի թանկացմանը եւ այլն: Վերոնշյալ խնդիրների առնչությամբ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդումը ներկայացրել է խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: Նա համոզմունք է հայտնել, որ կրթական համակարգն անկման եզրին է եւ նշել, որ ոլորտի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ հանրային դժգոհությունները մեծանում են, քանի որ երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում լուծվում են նախկինում ընդունված ձեւով կամ ոչ կառուցողական ճանապարհով: Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին, որը, ըստ նրա, օրենքի խախտումներով է կազմակերպվել, Երեւանի պետական համալսարանի կառավարման խնդիրներին, հեռավար կրթության բացթողումներին, մի շարք ոլորտներում նախարարության վարած քաղաքականությանը:

ԱԺ պատգամավորների մի մասը քննադատել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը եւ իրականացվող բարեփոխումները, բարձրաձայնել բացթողումները, իսկ մյուս մասը դեմ արտահայտվել քննադատական ելույթներին եւ կարծիք հայտնել, որ որոշ շրջանակների կողմից ուղղորդված կեղծ օրակարգ է շրջանառվում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ տապալված են բարեփոխումները, համակարգը ճահճացած է, նախարարն իրական փոփոխություններ իրականացնելու կամք չի դրսեւորել: Ղեկավարվելով Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասով, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածի 11-րդ մասով? Էդմոն Մարուքյանն առաջարկել է ընդունել Կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշումը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Նաիրա Զոհրաբյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, նախարարը տապալել է իրեն վստահված բոլոր ոլորտները: Նշվել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հրաժարականի պահանջին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ողջ հարցապնդման ընթացքում լուրջ հարցեր այդպես էլ չհնչեցին: Նա ցավով է արձանագրել այն փաստը, որ այս քննարկումը, որը կարող էր կարեւոր հարցերի առնչությամբ ինչ-որ բան փոխել, ձախողվեց:

Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հնչած քննադատություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նա կոչ է արել ծնողներին չտրվել որոշ շրջանակների կողմից իրականացվող սադրանքներին՝ ընդգծելով, որ բարեփոխումները բխում են երեխաների շահերից:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հարցապնդման վերաբերյալ հնչած այն տեսակետներին, թե լուրջ հարցեր չեն բարձրաձայնվել եւ այդ առնչությամբ հակափաստարկներ ներկայացրել:

Հարցի քվեարկությունը կկազմակերպվի խորհրդարանի սեպտեմբերի 17-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS