Մարտի 17-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների առցանց նիստը, որի աշխատանքներին մասնակցեց վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր նոր պատվիրակությունների կազմի ներկայացման հարցը եւ Ուղղափառության ՄԽՎ գլխավոր քարտուղարի գործունեության տարեկան զեկույցը: Օրակարգում էր նաեւ ԼՂ քրիստոնեական հուշարձանների վերաբերյալ հայտարարության ընդունումը: Այդ հարցի շուրջ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայ ժողովրդի համար ստեղծված առաջնահերթ խնդիրներին՝ հայ գերիների անհապաղ վերադարձին եւ Ադրբեջանի ռազմական վերահսկողության ներքո հայտնված հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը: Վկայակոչելով 2005-2006 թ. Ջուղայում հայկական հնագիտական համալիրի վերջնական ոչնչացման փաստը՝ պատգամավորը նշեց, որ ԼՂ-ում եւ ամբողջ աշխարհում քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը պետք է պարբերաբար քննարկվի վեհաժողովի շրջանակներում: Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային հեղինակավոր կառույցների հետ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության հանդեպ հետագա վայրագությունների կանխարգելման, հուշարձանների պահպանման համար արդյունավետ ռազմավարության մշակման ուղղությամբ:
Նիստի ավարտին վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովն ու գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես եկան Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական հուշարձանների պահպանության վերաբերյալ հայտարարությամբ: