Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային սեմինար՝ «Օրենսդրական մոտարկումների մեթոդաբանություն. գործնական հայեցակետեր» թեմայով: Ազգային ժողովի աշխատակիցներին թեման ներկայացրել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ գործող Ժան Մոնե «Իրավական մոտարկումների լաբորատորիայի» (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) գիտական համակարգող, դոկտոր Աննա Խվորոստիանկինան:
Սեմինարի նպատակն էր օրենսդրական մոտարկման մեթոդաբանական հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացնել նոր հմտություններ: Դասընթացը հիմնված է ակադեմիական վերջին հետազոտությունների արդյունքների եւ Արեւելյան գործընկերության երկրներում ու Արեւմտյան Բալկաններում իրավական մոտարկման պրակտիկայի համեմատական վերլուծության վրա: Նմանատիպ աշխատաժողովների արդյունքում պահպանվում է կապը պրակտիկ օրենսդրական աշխատանք իրականացնողների եւ ոլորտի գիտակների միջեւ՝ ապահովելով նորագույն մեթոդների կիրառումը ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքներում: