Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժը շարունակում է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց նպատակներից մեկը երկրի ղեկին նոր իշխանություն ձեւավորելն է եւ դրա համար պատրաստվում են օգտագործել բոլոր օրինական մեթոդները:
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ ընդդիմության աշխատանքներն ընթանում են ոչ միայն խմբակցության ներսում, այլեւ աշխատանքներ են ընթանում դաշինքի համապատասխան կառույցներում՝ իրենց օգտին քվեարկած քաղաքացիների հետ: «Մենք այդ աշխատանքները տանելու ենք եւ փորձելու ենք հասնել համապատասխան իրադրության: Սեյրան Օհանյանի կարծիքով՝ գործող իշխանության վարած քաղաքականությունը պարտվողական է:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրել է, որ միանշանակ բոլոր մեթոդներն կիրառելու են. «Օգտագործելու ենք բոլոր օրինական, սահմանադրական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը, պահանջները տեղ հասցնելու եւ հանրության մոտ առավել շատ վստահություն եւ իշխանափոխության պահանջ առաջադրելու ուղղությամբ»: