Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում, որից 49-ը՝ պատգամավորական, 4-ը՝ խմբակցություններից եւ 48-ը՝ մշտական հանձնաժողովներից: Այս մասին հայտնել է գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն ապրիլի 11-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Գագիկ Բարսեղյանը, ներկայացնելով ԱԺ բյուջետային գրասենյակի 2021թ. տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքի վերաբերյալ, նշել է, որ հարցումները 2020թ. համեմատ նվազել են: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահին ու տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին է տրամադրվել 517 տեսակի տեղեկանք:
Գրասենյակը պատրաստել է համեմատական տեղեկանքներ ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Գագիկ Բարսեղյանի խոսքով՝ Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է 2 սեմինար, որոնց մասնակցել է 33 անձ:
Բյուջետային գրասենյակի աշխատակազմն ակտիվորեն ներգրավված է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում:
Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են տարբեր աշխատաժողովների:
Հաշվետվությունը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: