National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.05.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները
1 / 3

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե:

«Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մենք միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու հարկային դրույքները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը պիտի փորձենք լուծել»,-հարկային քաղաքականության համատեքստում նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ 2021 թ. 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Համեմատության համար նշվել է, որ 2017 թ. ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ: «2021 թ. ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որեւէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարողներին ԱԱՀ-ն այժմ վերադարձվում է ամսական կտրվածքով:

«2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսավարողներին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Այդ գումարից մոտ 50 մլրդ դրամը «հուսահատ գումար» էր: «Երբ 2017 թ. ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, Կառավարությունն ասել էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ եւ դրան չեն անդրադառնալու: 2019 թ., երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, «հուսահատ պարտք» էր, որը մենք վերադարձրինք տնտեսավարողին»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ  դա կարող էին չանել, սակայն համարել են, որ  պետության հեղինակությունն ամենակարեւորն է, եւ  չի կարող այնպես լինել, որ պետությունն  ինչ-որ մեկից  գումար վերցնի եւ չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր վերադարձնել 56 մլրդ դրամ, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, քանի որ  շատ ընկերություններ այդ ընթացքում լուծարվել էին: Նա նշել է, որ այժմ Հայաստանում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որպեսզի 1 ամսվա ընթացքում ստանա:

Վարչապետը կարեւորել է նաեւ եկամտային հարկի մասով իրականացված բարեփոխումը՝ նշելով, որ դրա արդյունքում քաղաքացիներն այժմ 21 տոկոս եկամտահարկ են վճարում:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ իրականացված մյուս բարեփոխումներին, ընթացիկ տնտեսական ցուցանիշներին՝ դրանք համարելով լավատեսական: