Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ փոփոխությունները նախաձեռնվել էին` ելնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման պետության առաջնահերթություններից: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա շտկելու օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, թեթեւացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը:
«Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում արված առաջարկությունները հիմնականում պայմանավորված են «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում կատարված եւ արդեն ընդունված փոփոխություններով»,- նշել է փոխնախարարը եւ հավելել, որ առաջարկվում է հստակեցնել, մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվելիք գործերով պայմանավորված իրավակարգավորումը: Ըստ նրա` կարգավորումը վերաբերելու է արբիտրաժային այն վճիռներին, որոնք ծագել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց միջեւ:
Մեկ այլ հստակեցում է առաջարկվում կատարել նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Ըստ այդմ` այն դեպքում, երբ արբիտրաժային դատական աջակցություն ցուցաբերելու շրջանակում դատարան է ներկայացվում հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում, ապա անհարժեշտություն չի լինի դիմումին կցել արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու փաստը վկայող փաստաթուղթ:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումն ու առաջարկել է տալ դրական եզրակացություն: