National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
21.05.2023
Բյուջեի կազմման ու վերահսկման գործընթացում ԱԺ պատգամավորներն ու փորձագետները պետք է պատշաճ պատրաստվածություն ունենան. Գեւորգ Պապոյան
1 / 24

Աշխատաժողովն արտացոլում է այն քաղաքական հայացքները, որոնց համար մեր քաղաքական ուժը վստահություն է ստացել: Կարեւոր է, որ պատգամավորները բյուջեի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնեն: Այս մասին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը` շեշտադրելով ծրագրային, գենդերազգայուն եւ Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ) բյուջետավորման հարցերը» թեմայով արտագնա աշխատաժողովի ընթացքում ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Աշխատաժողովը կայացել է մայիսի 19-21-ը` Դիլիջանում:

«Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը` ծրագրային, գենդերազգայուն եւ ԿԶՆ բյուջետավորման հարցերի շեշտադրմամբ, ծանոթանալ 2022 թվականի բյուջեի կատարողականին, կատարողականի ոչ ֆինանսական արդյունքների գնահատման վերլուծական մոտեցումներին եւ գործիքներին, փոխանակել տեսակետներ եւ փորձ, ընդլայնել գիտելիքները ծրագրային, գենդերազգայուն եւ ԿԶՆ-ի բյուջետավորմանը եւ համապատասխան գործիքակազմերին վերաբերող հարցերում»,- ասել է ՄԱԿ-ի Զարգացման` «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ( ՄԱԶԾ ՆՀԺԽ) ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը:

ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի» 2-րդ բաղադրիչի ղեկավար Մելիք Գասպարյանն աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Ռազմավարական պլանավորման շրջանակը եւ բյուջետային գործընթացը» վերտառությամբ զեկույցը: Նա բարձր է գնահատել ներպետական եւ միջազգային հարթակներում գործողությունների ռազմավարական պլանավորումը:

«Կառավարության մակարդակում ռազմավարական պլանավորումը գործընթաց է, որը միտված է որոշակի ժամանակային հորիզոնի տեսլականի ձեւավորմանը, նպատակների եւ թիրախների սահմանմանը եւ այդ նպատակների ապահովմանն ուղղված գործողությունների նախանշմանը: Սովորաբար դիտարկվում է ռազմավարական պլանավորման միջնաժամկետ (3-5 տարի) կամ երկարաժամկետ (5 եւ ավելի տարի) ժամանակահատված»,- ասել է Մելիք Գասպարյանը: Ըստ նրա` զարգացող երկրներում ռազմավարական պլանավորումը մի շարք առավելություններ ունի: Դրանք են` միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում Կառավարության գործողությունների ուղղորդումը, մասնավոր հատվածին համապատասխան ազդակների տրամադրումը, քաղաքականությունների մշակմանը հասարակության մասնակցության հնարավորությունների ընձեռումը եւ ժամանակի ընթացքում համապատասխան գործընթացների շրջանակի ընդլայնումն ու պրակտիկաների կատարելագործումը:

Աշխատաժողովի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման, կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) բյուջետավորման, առանձին ոլորտային բյուջետային ծրագրերի կատարողականի եւ գենդերազգայուն բյուջետավորման` տեսության, պրակտիկայի եւ առանձնահատկությունների մասին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ փորձագետներին` փորձագիտական խորհրդատվության համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխատաժողովը նախատեսված է ԱԺ պատգամավորների ու փորձագետների համար, որպեսզի վերջիններիս կարողությունները զարգացվեն բյուջետային գործընթացի վերահսկողությունը բարձրացնելու նպատակով:

«Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում բյուջեի կատարողականի ցուցանիշներին, դրանք հասկանալուն, արդյունքների մեջ խորանալու գործընթացին, արդյունքային ցուցանիշներին, մասնակցային, գենդերազգայուն բյուջետավորմանը, Հաշվեքննիչ պալատի հետ աշխատանքին եւ դրա եզրակացությունների ուսումնասիրության աշխատանքների բարելավմանը, քանի որ ԱԺ կարեւորագույն գործառույթներից մեկը վերահսկողական գործառույթն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա` դա այն քաղաքականությունն է, որով երկիրն այդ ու հաջորդ տարիներին շարժվելու է: «Եթե ուզում ենք, որ խորհրդարանն ազդեցություն ունենա այդ քաղաքականության մշակման վրա եւ կարողանա վերահսկել գործընթացը, ապա պատգամավորներն ու հանձնաժողովների փորձագետները պետք է ունենան այդ կարողությունները եւ կատարողականի ու նոր բյուջեի կազմման գործընթացում պատշաճ ձեւով ներկայացնեն Ազգային ժողովը»,- ասել է Գեւորգ Պապոյանը: Նա աշխատաժողովը բարձր ու արդյունավետ է գնահատել:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից, իրականացվում՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: