Ուրախ ենք Հայաստանի Ազգային ժողովում հանդիպելու արգենտինացի գործընկերների հետ: Հուսով ենք, որ ձեր այցը մեր երկիր կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն Արգենտինայի Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ մայիսի 31-ին կայացած հանդիպմանը:
Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին եւ առկա մարտահրավերներին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է. «Արցախի մի մասը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ մնացած մասը՝ շրջափակման մեջ: Ադրբեջանական զորքերն էլ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում»: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով Արցախի խնդիրը միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց չէ, այլ նաեւ սեփական հայրենիքում ապրելու ինքնորոշման իրավունքի խնդիր: Պատգամավորը կարեւորել է այդ հարցում բարեկամ երկրների աջակցությունը:
Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան, որը պատվիրակության ղեկավարն է, շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին Հայաստան հրավիրելու եւ ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, եւ իրենք առկա իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը կներկայացնեն իրենց երկրին ու միջազգային հանրությանը:
Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրների մասին: Նշվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների պահանջներն ու հորդորները:
ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Սենատի` Հայաստանի հետ բարեկամական խմբին` Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարության համար: ԱԺ պատգամավորները բարձրացրել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, կարեւորել օր առաջ նրանց հայրենիք վերադարձը:
Կողմերն արժեւորել են Արգենտինայում ապրող հայ համայնքի դերակատարությունը հայ-արգենտինյան կապերի ամրապնդման եւ փոխգործակցության խորացման գործում:
Խորհրդարանականները խոսել են տարբեր ոլորտներում երկկողմ կապերը զարգացնելու անհրաժեշտությունից: