National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.03.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Մարտի 12-ին Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից հինգը հեղինակների առաջարկությամբ մինչեւ 60 օրով հետաձգվեցին, քննարկվեցին  «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2007 թվականի գործունեության մասին հաղորդումը» եւ «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնեց ՀՌԱՀ նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը եւ նշեց, որ 2007 թվականին հրապարակվել է ՀՀ տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված  հաճախականությունների ամբողջական ցանկը, որում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Հանձնաժողովը 2007 թվականին հատկացրել է հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման 10 լիցենզիա: Հանձնաժողովի հատկացրած լիցենզիաներով հանրապետությունում գործում է 71 հեռուստաընկերություն, որանցից 4-ը` Երեւանում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում, մյուսները` մարզերում: Իրականացվել է 23 ներհանրապետական գործուղում,  գեղարվեստական ֆիլմերի հեռարձակման օրինականությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն եւ հեռուստառադիոհաղորդումների ամենօրյա ընտրանքային մոնիտորինգ:  2007 թվականի պետական բյուջե հանձնաժողովը գանձել է 11075.25 հազար դրամ գումար, անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար 4 մրցույթ:  16 քաղծառայող վերապատրաստվել է: ՀՌԱՀ աշխատակազմի 5 աշխատակից խրախուսվել է:

Քննարկման ընթացքում պարզվեց, որ թե պատգամավորները, թե Գրիգոր Ամալյանը համակարծիք են մի հարցում` ոլորտում անելիքներ կան, տարընթերցումների տեղիք է տալիս մասնավորապես «ովազդի մասին» օրենքը: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկով որոշվեց համատեղ քննարկել  հիմնախնդիրները եւ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ:
Հանձնաժողովը ՀՌԱՀ 2007 թվականի գործունեության մասին հաղորդումն ընդունեց որպես ի գիտություն:

Այնուհետեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը պատգամավորների քննարկմանն առաջարկեց «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2007 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը»: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում շարունակվել է հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի  տեխնիկական վերազինման գործընթացը, որն այս տարի եւս  կշարունակվի: Պատրաստվել են նոր ծրագրեր եւ հաղորդաշարեր, որոնք մեծ լսարան են ապահովել եւ արժանացել «Եվրոդատա» միջազգային կազմակերպության բարձր գնահատականին: Մասնավորապես, 15 լավագույն հաղորդումների շարքում են «Մի վախեցիր» գեղարվեստական ֆիլմը, «Երկու աստղ», «32 ատամ», «Օտար խաղեր» հեռուստանախագծերը, որոնց վերաբերյալ պատգամավորների արտահայտած կարծիքները միանշանակ չէին եւ հակասում էին ներկայացված տեսակետին: Պատգամավորներից շատերի համոզմամբ, հանրային հեռուստաընկերությունն անելիքներ շատ ունի. անհրաժեշտ են հաղորդումներ, որոնք կնպաստեն անկախ հայ մարդու կերպարի ձեւավորմանը, կնպաստեն  ճաշակի զարգացմանը եւ այլն:

Պատգամավորների հարցադրումներին ի պատասխան պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 տարում նախատեսվում են նոր հեռարձակումներ, որոնք  կվերաբերվեն հստակ սահմանազատված ոլորտների` մշակույթ, սպորտ, տնտեսություն, լրատվություն, մանկական ալիք եւ այլն:

Հաղորդումն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի  օրակարգի նախագծում:

Մարտի 12-ին տեղի ունեցավ նաեւ ԱԺ եվրոպական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Ավետ Ադոնցի նախագահությամբ:

Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցին, պարոն Ադոնցը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրան կից ներկայացված նախագծերն ուսումնասիրվել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, փորձաքննության է ենթարկվել նաեւ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) եւ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրացիայի կենտրոնի (CELI) կողմից: Նշվեց, որ օրենսդրական փաթեթն ուսումնասիրվել է եվրոպական չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից եւ հանձնաժողովը բազմաթիվ դիտողություններ եւ առաջարկություններ է ներկայացրել հեղինակներին:

Օրենսդրական փաթեթը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ փաթեթը մշակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետների համատեղ աշխատանքի շնորհիվ: 2008 թվականին նախատեսվում է Եվրախորհրդի փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների գնահատման  փորձագետների (ՄԱՆԻՎԱԼ) հանձնաժողովի կողմից ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության եւ դրա ներդրման արդյունքների 3-րդ փուլի գնահատումը: նահատումը կատարվելու է ՖԱԹՖ-ի 40+9 ստանդարտների, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում այլ միջազգային ստանդարտների հիման վրա: նահատմանը նախապատրաստվելու եւ ՀՀ օրենսդրությունը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին համապատասխանեցելու նպատակով Հայաստանում իրականացվել են լայն ընդգրկում ունեցող վերլուծական աշխատանքներ: Նշվեց, որ ՀՀ նախագահի կողմից ստեղծվել է «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողով, որի  շրջանակներում որոշվել է իրականացնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության ինքնագնահատում: Այդ նպատակով տեխնիկական օժանդակություն է հայցվել Արժույթի միջազգային հիմնադրամից: 2006 թ. հուլիսին ԱՄՀ իրավաբանական դեպարտամենտի փորձագետների հետ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների աշխատակիցներից կազմվել է աշխատանքային խումբ, որն աշխատել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության վերանայման ու բարեփոխման ուղղությամբ եւ որպես արդյունք՝ կազմել է ներկայացված oրենսդրական փաթեթը: Քանի որ քննարկումների արդյունքում առաջ է եկել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» գործող օրենքի կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները մեծածավալ են, որոշվել է օրենքի նախագիծը ներկայացնել նոր խմբագրությամբ ընդունման: Օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ:  Անդրադառնալով հանձնաժողովի   առաջարկություններին, պարոն Ջավադյանը նշեց, որ դրանց գերակշիռ մասը ընդունելի են:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց օրակարգի երկրորդ հարցը` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող օրենսդրական փաթեթը: Պարոն Ադոնցը նշեց, որ օրինագծերը, որոնք  ընդունվել եմ առաջին ընթերցմամբ,  ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Այս  ընթացքում ուսումնասիրվել է  նաեւ Բելառուսում, Մոլդովայում, Լիտվայում, Չեխիայում, Ֆրանսիայում եւ Կանադայում տեղական ինքնակառավարման փորձը: Արդյունքում հանձնաժողովը հանդես է եկել մի շարք առաջարկություններով:

Ներկայացնելով  օրենսդրական փաթեթը` ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ հաշվի առնելով միջազգային փորձը` նախագիծը նախատեսում է Երեւանում տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական իշխանության եւ բնակչության կապով, այստեղից էլ` վարչական շրջանների անհրաժեշտությունը: Օրենքի նախագծով է նախատեսվում նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության կարգը: Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միասնական կարգավորումը` քաղաքապետին նախագծով վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման լիազորություններ, այնպես էլ պատվիրակված լիազորություններ: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հանձնաժողովի  առաջարկությունների մի մասը ընդունելի է:  Հանձնաժողովի անդամների  հիմնական մտահոգությունը վերաբերում էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածին,  ըստ որի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց պասիվ ընտրական իրավունքն օգտագործելու հնարավորություն ունեն միայն որեւէ կուսակցությանն անդամակցող քաղաքացիները: Հանձնաժողովի որոշ անդամների կարծիքով չպետք է բացառել նաեւ քաղաքացիական նախաձեռնության հնարավորությունը:

 Օրակարգի երրորդ հարցը ` Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի 2008 թ. Իրականացման գործիքի (Implementation Tool) մշակման ընթացքը ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Վահե Դանիելյանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am