National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.03.2008
Քառօրյայի երրորդ օրը ընդունվեցին 5 օրինագծեր եւ 1 պայմանագիր, քննարկվեցին 7 օրինագծեր եւ 1 պայմանագիր

Խորհրդարանը մարտի 19-ի նիստն սկսեց քվեարկություններով.  ընդունվեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրենքների նախագծերը եւ վավերացվեց մեկ միջազգային համաձայնագիր:

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ներկայացրեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության  մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական  նախաձեռնությունը: Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության մարմիններում տեղի ունեցած վերակազմավորումների արդյունքում որոշ ոլորտների ղեկավար պաշտոնյաներ դուրս են մնացել օրենքի կարգավորման դաշտից: Մասնավորապես, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ արտակարգ իրավիճակների վարչությունը  դարձել են տարածքային կառավարման նախարարության կազմում գործող պետական մարմիններ: Փոփոխության արդյունքում նշված մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների աշխատավարձերը եւս կսահմանվեն այս օրենքով: Նախարարը նկատեց, որ նախատեսվում են առաջիկայում այլ  փոփոխություններ` պայմանավորված Սահմանադրության պահանջներով կամ որոշ մարմինների վերակազմավորմամբ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը հարցի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Նա  կարեւորեց ընդհանրապես բոլոր օղակներում աշխատավարձի չափն անհրաժեշտ մակարդակի հասցնելը` արդյունավետ գործունեություն ապահովելու համար:

«Քրեական օրենսգրքում փոփախություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջարկով են հանդես եկել «Օրինաց երկիր» խմբակցության երեք պատգամավորներ: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 318-րդ հոդվածը, եւ իշխանության ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին վիրավորանք հասցնելու համար  սահմանել միանման պատասխանատվություն:  ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով`  հանձնաժողովի անդամ Արտյուշ Շահբազյանը եւս նկատեց, որ այս հոդվածը իշխանության ներկայացուցիչներին տալիս է հատուկ կարգավիճակ:

 «Օրինաց երկիր» խմբակացության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել նաեւ «Բռնադատվածների մասին»  օրենքում եւ ՀՀ հողային օրենսգրքում: Համահեղինակի` Արտաշես Ավոյանի ներկայացմամբ, դեռեւս շատ բռնադատվածներ կան, որոնք չեն կարողացել օգտվել օրենքի ընձեռած`  բնակարանային պայմանները բարելավելու նպատակով երկարաժամկետ արտոնյալ վարկ ստանալու հնարավորությունից: Հեղինակներն առաջարկում են վերացնել այս արտոնության համար սահմանված ժամկետային սահմանափակումը: Նրանք  առաջարկում են, փոփոխություն կատարելով հողային օրենսգրքում, արտոնությունը տարածել նաեւ բնակչության այլ խոցելի խմբերի վրա: Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը նկատեց, սակայն, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ պայմանավորվածություն է եղել այս փաթեթով լուծել միայն բռնադատվածներին վերաբերող հարցերը` մնացած մասի վերաբերյալ առանձին քննարկումներ կազմակերպելով: Նա առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շտկում կատարել: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Դանիելյանը: 

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը  խորհրդարանի գնահատմանը ներկայացրեց «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության օրինագիծը` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Առաջին ընթերցմամբ հարցն ընդունվել էր նիստի սկզբում`  81 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Թե պատգամավորները եւ թե կառավարությունը նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել, ինչին եւ անդրադարձավ հիմնական զեկուցողն իր ելույթում: Պատգամավոր Արթուր Աղաբեկյանն առաջարկել էր  պետական պահպանության օբյեկտի կողմից կատարվող «օրինախախտում» բառը փոխարինել «ակնհայտ օրինախախտումներով կամ իրավասու կողմից փաստված օրինախախտումներով» բառակապակցությամբ: Առաջարկը մասնակի ընդունելով` հեղինակը նպատակահարմար էր գտել  ընդունել «վարչական զանցանք կամ հանցագործություն» տարբերակը` ամրագրելով այն նախագծի առաջին հոդվածի չորրորդ մասում: Սահմանելով, որ  պետական պահպանությունը կասեցվում է անձի կողմից հակաօրինական  գործողություններ կատարելու ընթացքում, հաշվի է առնվել պատգամավորի առաջարկը` պահպանությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախարարի  տեսակետով, իրենց ձեւակերպման մեջ արդեն իսկ ճշգրտված է պահպանությունը դադարեցնելու ժամանակահատվածը: ՀՀ տարածքից դուրս`  ժամանակավորապես բացակայելու դեպքում եւս  պաշտոնաթող նախագահին  պետական պահպանություն տրամադրելու մասին Արթուր Աղաբեկյանի առաջարկությունը չի ընդունվել, քանի որ ներպետական օրենսդրությունը չի կարող կարգավորել օտարերկրյա իրավասու մարմինների գործունությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկության հիման վրա «պետական պահպանության օբյեկտ» հասկացությունը փոխարինվել է «հատուկ պետական պահպանության ենթակա անձ» բառակապակցությամբ: Նախագծում մասնակիորեն արտացոլվել է նաեւ վերջիններիս` հատուկ պետական պահպանության ենթակա անձի կատարած ենթադրյալ օրինախախտման մասին լիազոր մարմնին եւ իրապապահ մարմիններին գրավոր զեկուցելու մասին առաջարկությունը: Խմբակցության անդամներն առաջարկել են նաեւ ամրագրել պետական պահպանությունից հրաժարվելու եւ նոր խումբ ձեւավորելու  հնարավորություն` ծառայությունն իրականացնողներից դժգոհություն ունենալու դեպքում, առաջարկը չի ընդունվել: Հիմնականում ընդունվել են նաեւ պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկությունները: Մասնավորապես նախագծում նախատեսվել է, որ  պահպանության ենթակա անձը պետք է տեղեկացվի հակաօրինական արարք կատարելու ընթացքում  պետական պահպանությունը կասեցնելու մասին: Նախագծի վերջնական տարբերակում տեղ են գտել նաեւ կառավարության առաջարկությունները: Իր ելույթում Արթուր Աղաբեկյանը բարձրաձայնեց թե պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի եւ թե ՀՅԴ խմբակցության դրական վերաբերմունքը լրամշակված նախագծի վերաբերյալ:

Խորհրդարանը քննարկեց նաեւ արձանագրություններով լրացված` «Միջազգային ցուցահանդեսի մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց  առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունը կոնվենցիայի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաեւ երկու օրակարգային հարց: Առաջինով` «Ֆիրմային անվանումների մասին» օրենքի նախագծով պարզեցվում է  ֆիրմային անվանումների գրանցման ընթացակարգը,  վերացվում առանց հիմքերի ֆիրմային անվանումների գրանցումը մերժելու հիմքերը: Նախագծի սահմանմամբ` որպես ֆիրմային  անվանում գրանցվում է  միայն առեւտրային կազմակերպության անունը: Հաջորդ` «յուտերի,  օգտակար  մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենսդրական փաթեթը  փոխարինելու է արտոնագրերի մասին օրենքին` ընդգրկելով առավել լայն դաշտ: Նախագիծը, նախարարի բնորոշմամբ,  նպատակ ունի կատարելագործել  գյուտերին, օգտակար մոդելներին եւ արդյունաբերական նմուշներին պահպանություն տրամադրելու իրավական  դաշտը  եւ պարզեցնել  պահպանություն տրամադրելու ընթացակարգերը: Նաեւ` մտավոր սեփականության բնագավառի օրենսդրությունը կհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին: Երկու հարցերի վերաբերյալ էլ խորհրդարանի գլխադասային` տնտեսական հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` ըստ հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի:
 
Նիստի վերջում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի  եւ պայթեցման սարք ավորումների  շրջանառության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների մասին առաջարկությունները:  Նշված նյութերի  շրջանառությունը կարգավորվում է այսօր մասնակիորեն, եւ, հաշվի առնելով դրա վտանգավորությունը հասարակության եւ պետության  համար, գործադիր իշխանությունը հանդես է եկել դաշտը կարգավորելու նախաձեռնությամբ: Հարցի քննարկումը կշարունակվի քառօրյայի վերջին նիստում:

 ԱԺ կանոնակարգի սահմանմամբ` քառօրյա նիստերի յուրաքանչյուր  չորեքշաբթի օրվա վերջին նիստում տեղի է ունենում պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան, ինչով եւ ավարտվեց մարտի 19-ի նիստը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am