National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.03.2008
Խորհրդարանի ուշադրության կենտրոնում ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներն են
Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ վավերացրին 2005 թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան եւ 1928 թ. նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված «Միջազգային ցուցահանդեսների մասին» կոնվենցիան (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով եւ փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի եւ 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով): Խորհրդարանն ընդունեց «Ֆիրմային անվանումների մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը կլրամշակվի պատգամավորների առաջարկների հիման վրա: Ըստ նրա` գործադիր մարմինը պայթուցիկ, թունավոր նյութերի ոչնչացման հարցում  պետք է համագործակցի գիտահետազոտական կազմակերպությունների հետ: Պարոն Աղաբեկյանի կարծիքով` կառավարությունը պետք է հստակ սահմանի պայթուցիկ նյութերի ցանկը եւ դրանց ոչնչացման տեխնոլոգիաները: Նրա գնահատմամբ` օրինագիծն առնչվում է գործարարներին, արհեստավորներին, պետք է հաշվի առնի երկրի եւ տնտեսական շահը, եւ անվտանգությունը:

Եզրափակիչ ելույթում ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը տեղեկացրեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը միջազգային փորձի ուսումնասիրմամբ կլրամշակի օրենսդրական փաթեթը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օենսդրական փաթեթը եւս առաջին ընթերցման ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի»  32-րդ հոդվածի 3-րդ մասով այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է այն անձը, ում անվամբ հաշվառված է տրանսպորտային միջոցը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը, կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Կառավարության ներկայացուցչի համոզմամբ` իրական իրավախախտին պարզելու համար անխուսափելի էին դառնում տրանսպորտային միջոցի կանգնեցումը, վարորդի տվյալների պարզմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտության դեպքում նրան բերման ենթարկելը: Հիշյալ վարչադատավարական գործողությունները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, ինչը չի համապատասխանում երթեւեկության անվտանգության ապահովման բնագառում իրականացվող բարեփոխումներին: Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող դրույթով   իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելը ապացուցելու պարտականությունը  թողնվել է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այն անձի վրա, ում անվամբ տրանսպորտային միջոցը  հաշվառված է, ինչն էապես նվազեցնում է վարորդ-ճանապարհային ոստիկան շփումների պարբերականությունը:

Հիմնական զեկուցողը պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ճանապարհային ոստիկան-քաղաքացի հարաբերություններին, տեսանկարահանող սարքերի տեղադրման կարգին, ոլորտի վերահսկողությանը: Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը տեղեկացրեց, որ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը տեղադրվելու են ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից առավել խոցելի փողոցների վրա: Նա ընդգծեց, որ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանը տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո կարող է խախտում կատարած վարորդին կանգնեցնել, եթե վտանգ է կանխատեսում կամ մեքենան կանգնեցնելու հրահանգ ունի: Խախտումները արձանագրելու են ոստիկանական մեքենաներին ամրացված տեսանկարահանման սարքերը եւ ճանապարհներին տեղակայված լուսանկարահանող տեսախցիկները: Լուսանկարահանող սարքավորումից տվյալները հաղորդվելու են օպերատիվ ղեկավարման կենտրոն, հերթապահ ոստիկանը կազմելու է արձանագրություն, որը տրամադրվելու է պայմանագրային հիմունքներով աշխատող կազմակերպությանը: Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ Հայաստանում ներդրվող GPS համակարգը հնարավորություն է ընձեռում ղեկավարման կենտրոնում տեսանելի դարձնել ոստիկանների գործունեությունը: Նշվեց, որ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» արագության շեմի գերազանցման հարցում փոփոխություններ չեն նախատեսվում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն ընդգծեց, որ վերջին տարիներին ճանապարհային երթեւեկության անվտանգությունը կանոնակարգող բազում օրենքներ են ընդունվել: Ըստ նրա` GPS համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկել եւ հստակեցնել քաղաքացի ու ոստիկան հարաբերությունները: Պարոն Աղաբեկյանի կարծիքով` օրենքի ընդունումը լրացուցիչ ծախսեր է պահանջում, քանի որ անընդհատ նկարահանման վերծանումը, տեսանյութի մշակումը եւ ինտերնետում զետեղումը աշխատողների մեծ թվաքանակ է պահանջում: Նա գտնում է, որ խախտում չարձանագրած տեսանյութերը պետք է ոչնչացվեն, իսկ քաղաքացուն խախտում արձանագրած տեսանյութը պետք է տրամադրվի առանց տուրքի գանձման: Հանձնաժողովի նախագահը լիահույս է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները կներկայացնեն գրավոր առաջարկներ եւ օրենսդրական նախաձեռնությունը կլրամշակվի:    
 
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խոսեց անբարեկարգ ճանապարհների տեսանկարահանման անհրաժեշտությունից, ինչը եւս պետք է նշանակություն ունենա տույժի նշանակման հարցում: Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ խախտումների համար սահմանված պատժաչափերը բարձր են եւ վերանայման կարիք ունեն: Վարդան Այվազյանի կարծիքով էլ` օրինագիծը հստակեցնում եւ կանոնակարգում է ոլորտը, սակայն որոշ դրույթներ ոչ թե վերացնում են կոռուպցիոն ռիսկերը, այլ ավելացնում են: Արծվիկ Մինասյանը գտնում է, որ վարչական վարույթի հարուցման, գործի քննության, վարորդին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները թերի են: Եվ Արծվիկ Մինասյանը, եւ Ստյոպա Սաֆարյանը կարծում են, որ  մինչ տուգանքի սահմանումը եւ մեղադրանք ներկայացնելը քաղաքացուն պաշտպանվելու, ակտը դատական կարգով վիճարկելու հնարավորություն պետք է տրվի: Լարիսա Ալավերդյանը կոչ արեց պատգամավորներին գրավոր առաջարկներ ներկայացնել` նախագծի որոշ դրույթների անորոշությունը վերացնելու համար:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում:

Խորհրդարանը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը: 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am