National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.04.2013
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Ազգային ժողովի ապրիլի 11-ի նիստում պատգամավորները շարունակեցին քննարկել «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

Հարակից զեկուցող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Պաշտպանի զեկույցը: Պատգամավորը դրական գնահատեց փաստաթղթի շուրջ ակտիվ քննակումը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է, որ բոլորի նպատակը մեկն է՝ Հայաստանում լուծել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը: Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց նաեւ, որ ՄԻՊ զեկույցն ակտիվորեն քննարկվել է հանձնաժողովում, օմբուդսմենի աշխատակազմի փորձագետները մանրամասն անդրադարձել են պատգամավորների հնչեցրած հարցերին: Գլխադասային հանձնաժողովի տեսակետը հայտնելով՝ Մարգարիտ Եսայանը դրական համարեց այն հանագամանքը, որ 2012-ին ստացված 909 բողոքից վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները:

Զեկույցի վերաբերյալ ելույթներ ունեցան պատգամավորները:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցը քաղաքական հարց է, իսկ զեկույցն էլ անհրաժեշտ է դիտարկել այն տեսանկյունից, արդյոք այն արտացոլում է մեր երկրի քաղաքական իրավիճակը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական մրցակցությանն առնչվող՝ զեկույցի արձանգրումներին՝ նշված խնդիրները համարելով մտահոգիչ:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ 20 բաժնից բաղկացած փաստաթղթի բոլոր բաժիններում իրական, նպատակային բացահայտումներ են: Նա շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին մեծածավալ աշխատանքի համար՝ անհրաժեշտ համարելով Ազգային ժողովում զեկույցի շուրջ լուրջ, բովանդակային քննարկումները:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ բացի լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումներից, փաստաթղթի շուրջ պետք է լուրջ քննարկումներ ծավալվեն խորհրդարանական մշտական հանձնաժողովներում, հրավիրվեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, որոնք էլ պարզաբանումներ կտան վեր հանված խնդիրների վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ ՄԻՊ 2011 եւ 2012 թվականնների զեկույցները բավականին լուրջ պատկեր են ներկայացնում տարբեր ոլորտներում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Նա նշեց, որ եթե ՄԻՊ-ը պաշտպանի նաեւ ընդդիմադիրների քաղաքական իրավունքները, ժողովրդավարական հիմնարարար ազատությունները, ապա միանշանակ կարժանանա ՀԱԿ-ի լիարժեք վստահությանն ու ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, կունենա հուսալի գործընկեր:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը, խոսելով Պաշտպանի 2012-ի տարեկան զեկույցի մասին, ներկայացրեց գործնական առաջարկներ: Մասնավորապես, պատգամավորի առաջարկները վերաբերում էին երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նա անհրաժեշտ համարեց այդ ոլորտին վերաբերող խնդիրներն զեկույցում ընդգրկել առանձին բաժնով: Ռուզաննա Մուրադյանն առաջարկներ ներկայացրեց նաեւ կրթության ոլորտի հետ կապված: Մասնավորապես, ըստ նրա, այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքը, որի լրամշակման գործընթացին ՄԻՊ-ը կարող է արդյունավետ գործակցություն ունենալ, քանի որ այստեղ եւս երեխաների իարվունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներ կան: Պատգամավորը եւս շնորհակալություն հայտնեց օմբուդսմենին մեծածավալ աշխատանքի համար՝ ակնկալելով, որ 2013-ի զեկույցը կլինի առավել ընդգրկուն եւ մատչելի յուրաքանչյուր մասնագիտությամբ ընթերցողի համար:

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը ուրախալի համարեց զեկույցի վերաբերյալ խորհրդարանական ակտիվ քննարկումները: Նա ընդգծեց այն հանագմանքը, որ փաստաթղթի վերաբերյալ քննադատական եւ դրական գնահատականներ հնչեցին, թե ընդդիմադիր ճամբարից, եւ թե քաղաքական մեծամասնության դաշտից, ինչը եւս ողջունելի է: Սա, ըստ պատգամավորի, նշանակում է, որ կատարվել է անաչառ աշխատանք, եւ որ զեկույցն ունի առանցքային խնդիրներ: Մարգարիտ Եսայանը գործընկերների տեսակետները համարեց ոչ թե քննադատություն, այլ սթափ գնահատական զեկույցին:

Զեկույցի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ պաշտպանի հետ իր հարցուպատասխանին՝ նշելով, որ իր կողմից հնչեցված հարցերն ունեցել են մի քանի նպատակ՝ առաջինը, որպեսզի պատգամավորներին ներկայացվի ճշգրիտ տեղեկատվություն, երկորրդ՝ որպեսզի ակնհայտ դառնան ՄԻՊ-ի պարտականություններրը, եւ վերջինը, որպեսզի թե ընդդիմադիր, եւ թե կոալիցիոն քաղաքական ուժերը միավորեն ջանքերը՝ բարձրացված խնդիրները լուծելու համար: Պատգամավորը դրական համարեց օմբուդսմենի ինստիտուտի կողմից լուծում ստացած գործերի աճը: Արփինե Հովհաննիսյանը վկայակոչեց նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ մի քանի գործերի քննարկումը Սահմանադրական դատարանում: Պատգամավորը մատնանշեց հատկապես երկու խնդիր, որոնք լուծում են ստացել՝ այլեւս դատախազի սանկցիայով անձը չի կարող վարչական ձերբակալման ենթարկվել մինչեւ 10 օր ժամկետով: Նա կարեւորեց նաեւ արտասահմանում բնակվող մեր քաղաքացիների՝ հայրենիքում կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնման խնդրի լուծումը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, խոսելով զեկույցի մասին, ողջունեց այն փաստը, որ Պաշտպանը դիմել է ոստիկանապետին՝ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Նա նշեց, որ միանում է զեկույցի վերաբերյալ գործընկերների դրական գնահատականներին: Պատգամավորն անդրադարձավ զեկույցի առանձին բաժիններին՝ ներկայացնելով դրանց առնչությամբ իր վերապահումներն ու առարկությունները:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ նկատեց, որ զեկույցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ՄԻՊ-ի գործունեության առանձնահատկությունները: Ըստ նրա՝ կատարվել է աշխատանք, ինչը պետք է գնահատել, իսկ եթե նկատվել են թերացումներ, գտնել համատեղ լուծումներ: Պատգամավորի խոսքով՝ զեկույցի քննարկումը թեեւ օրենքով նախատեսված է Ազգային ժողովի լիագումար նիստում, սակայն սահամնափակում չկա մարդու իրավունքների խնդիները ցանկացած այլ ձեւաչափով քննարկելու: Պատգամավորն առաջարկեց կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ հասարակությանն այդ քնարկումներում ներգրավելու, խնդիրները նրանց հասանելի դարձնելու նպատակով: Նա ողջունեց նաեւ այն փաստը, որ 2011-ից 2012-ը ընկած ժամանակահատվածում վեր հանված 140-ից ավելի խնդիրներից 7 տասնյակը ստացել են լուծումներ:

«2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետները հայտնեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Շուշան Պետրոսյանը:

Կորյուն Նահապետյանը հորդորեց Կարեն Անդրեասյանին՝ խորհրդարանի եւ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ փոխհարաբերություներում լինել նախաձեռնող, քննարկումների կազմակերպման համար չսպասել հրավերների: Պատգամավորը կարեւորեց զեյկույցում ներկայացված առաջարկները:

Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության միակ պատասխանատուն ՄԻՊ ինստիտուտը չէ, այն վերաբերում է բոլորին: Պատգամավորը հույս հայտնեց, որ Պաշտպանի հաջորդ տարվա զեկույցում կարձանագրվի մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ:

Սուքիաս Ավետիսյանն առաջարկեց զեկույցի առանձին հատվածներ քննարկել ըստ ոլորտների, իսկ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական իրավունքների պաշտպանության ինստիտուտ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ստեփան Դեմիրճյանը: Նա անդրադարձավ զեկույցում մատնանշված որոշ բացասական երեւույթների՝ անարդար դատավարություններին, բանակում չբացահայտված սպանություններին, մարտի 1-ի նախաքննության ոչ արդյունավետ իրականացմանը, տնտեսական մրցակցության բացակայությանը, կոռուպցիոն երեւույթների դրսեւորումներին:

Ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից՝ Էլինար Վարդանյանը նկատեց, որ Հայաստանում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները: Ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին աճել է վստահությունը ՄԻՊ գրասենյակի նկատմամբ, սակայն չի աճել վստահությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Էլինար Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Արտակ Զաքարյանը: Նա ցանկություն հայտնեց, որ հաջորդ տարիների զեկույցներում ավելի խորքային եւ համակարգված վերլուծվեն խոչընդոտ կամ ոտնահարում ծնող այն բոլոր երեւույթները, որոնք կան հասարակության մեջ: Արտակ Զաքարյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց պաշտպանի ինստիտուտին:

Եզրափակիչ ելույթում Կարեն Անդրեասյանը պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ՝ նկատելով, որ ՄԻՊ-ը ոչ մի երկրում հեշտ ճանապարհ չի անցնում: Պաշտպանը գոհունակությամբ արձանագրեց այն փաստը, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ հնարավոր դարձավ ամբողջ քառօրյա նվիրել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց Աժ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նշվեց, որ թեեւ մարտի 1-2-ի դեպքերով մեղադրվել ու դատի են տրվել 83-ից ավելի քաղաքացիներ, բայց այդ անձինք եւս չեն մեղադրվել ու չեն դատապարտվել ոչ սպանությունների, ոչ էլ հրազենով ու պայթուցիկ սարքերով մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նշվեց, որ ներկայացված նախագիծն իր ուսումնասիրման առարկայով եւ հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից. այն սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրությամբ: Տեղեկացվեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից. ՀՀԿ խմբակցությունն ունենալու է երկու, իսկ մյուս խմբակցությունները? մեկական անդամ ներկայացնելու իրավունք:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա գնահատմամբ՝ այս ժամանակավոր հանձնաժողովը կարող է կատարել օգտակար աշխատանք, եթե չառաջնորդվի քաղաքական մոտիվներով եւ փորձի ըստ էության իրականացնել առաջադրված խնդիրը: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախագծին: Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովը, եղած հիմքերը քննելով, պատշաճ որոշում կկայացնի:

Քննարկվող հարցի առնչությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անընդունելի համարեց ժամանակավոր հանձնաժողովի կազմում անկախ պատգամավորի չընդգրկելը, հատկապես, որ դրա համար կան սահմանադրական եւ ԱԺ կանոնակարգային հիմքերը:

ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ճշմարիտյանը, Մարգարիտ Եսայանը, Կորյուն Նահապետյանը, Սուքիաս Ավետիսյանը, Տաճատ Վարդապետյանը իրենց ելույթներում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մի քանի պատճառներով աննպատակահարմար համարեցին. դրանք հիմնականում կապված էին ժամանակավոր հանձնաժողովի իրավասություններին, որոնք, ըստ նրանց, որոշ դեպքերում իրավական հիմք չունեն կամ հակասում են ՀՀ օրենսդրությանը, կանխակալ են հատկապես այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրության ներառման փաստով: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ հանձնաժողովի ընթացքն ու արդյունքը միայն քաղաքական ուղղվածություն կունենա, ինչն անընդունելի է:

ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Նաիրա Զոհրաբյանը նշեցին, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար կան բոլոր օրենսդրական հիմքերը, հանձնաժողովի իրավասությունները նույնպես չեն հակասում ՀՀ օրենսդրությանը, իսկ հանձնաժողովի աշխատանքների քաղաքական լինելու մասին ենթադրությունները հիմնավորված չեն: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքը հայտնում է նաեւ ԲՀԿ խմբակցության տեսակետը, եւ հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Գագիկ Ջհանգիրյանը անընդունելի համարեց նախ եւ առաջ ելույթների քաղաքական ուղղվածությունը: Անդրադառնալով քրեական գործերի գաղտնիության պահպանման վերաբերյալ ընդդիմախոսների պատճառաբանությանը՝ նա նկատեց, որ գաղտնիությունը վերաբերում է գործընթացի մասնակիցներին եւ ոչ թե փաստերին: Լիազորությունները, ըստ նրա, տրվում է հանձնաժողովին, որը ստեղծվում է խորհրդարանական քաղաքական ուժերի հավասարակշռված մասնակցության հիմքով:

Նա տեղեկացրեց, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը հանգամանալից քննարկվել է, եւ ինքը զիջումներ է կատարել մի շարք հարցերում, որպեսզի կարողանան աջակցել այդ ողբերգական իրադարձությունների մեղավորների բացահայտմանը:

Ազգային ժողովի նախագահը դիմեց նախագծի հեղինակներին ու խմբակցությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկումներ կազմակերպելու եւ մինչեւ հաջորդ քառօրյա նիստը գտնելու հարցի լուծման՝ բոլորի համար ընդունելի տարբերակը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նիստերում:


11.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով...

11.04.2013
Տեղեկատվություն
Ապրիլի 12-ին` ժամը 12:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա բրիտանական նշանավոր Arc Publications հրատարակչության կողմից հրատարակված «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am