National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.09.2015
Քննարկվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
1 / 10

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ փաստաբանական պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, Երիտասարդական խորհրդարանի անդամներ եւ այլք:

Բացելով խորհրդարանական լսումների աշխատանքը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ նման կարեւորության փաստաթուղթն անհրաժեշտ է, որ հանրային քննարկումների փուլ անցնի՝ հասկանալու համար ոչ միայն քաղաքական ուժերի տեսակետները, այլեւ հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների եւ ոլորտի պատասխանատու այլ կազմակերպությունների կարծիքը: Նա հույս է հայտնել, որ լսումների ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները լսելի կլինեն ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից եւ ընդունելի լինելու դեպքում կօգտագործվեն:

ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների նպատակից, գործընթացից, միջազգային կառույցների՝ մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունից, ինչպես նաեւ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներին: Ըստ զեկուցողի՝ 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը իշխանակենտրոն էր՝ անձնակենտրոն իշխանական համակարգով: 2005 թ.-ի բարեփոխումները, ըստ Վարդան Պողոսյանի, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին՝ չեն կարողացել ամբողջապես լուծել անցումը իշխանակենտրոն Սահմանադրությունից մարդակենտրոն Սահմանադրություն: Նշվել է, որ ՀՀ Նախագահի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագծի հիմնական նպատակն է երկրում հաստատել կայուն ժողովրդավարական համակարգ եւ երաշխավորել իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության սկզբունքը: Նախագիծը մշակելիս սահմանադրական հանձնաժողովը համակողմանիորեն ուսումնասիրել է սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը, փորձ է արվել հաղթահարել սահմանադրական այն բացերն ու անհստակությունները, որոնք առկա են գործող Սահմանադրությունում եւ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին անգամ Ազգային ժողով է ներկայացվել մանրամասն հիմնավորումներով:

Նախագիծը քննարկվել է ԱԺ խմբակցություններում, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ: Վարդան Պողոսյանն ընդգծել է, որ թե ՀՀ Նախագահը, թե հանձնաժողովը պատրաստ են քննարկելու եւ ընդունելու ցանկացած ողջամիտ առաջարկ՝ նկատի ունենալով, որ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որը պետք է հաստատագրի հայ ժողովրդի միասնական կամքը:

Նախագծի մշակման փուլում հաշվի են առնվել նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները. վերջինս, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ներկայացված նախնական եզրակացության մեջ, կարեւորել է Հայաստանում քաղաքական եւ իրավական այն մշակույթը, որը ձեւավորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ նախորդ տարիներին սահմանադրական բարեփոխումների առնչությամբ կատարված աշխատանքներից հետո:

Վարդան Պողոսյանն անդրադարձել է նախագծում առաջարկվող կարեւորագույն փոփոխություններին: Ըստ նրա՝ նախագծի առանցքային բարեփոխումներից մեկը վերաբերում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ գլխին:

Առանցքային խնդիրներից է նաեւ կառավարման համակարգի բարեփոխումը, ուստի հանձնաժողովն առաջարկել է գործող կիսանախագահական կառավարման ձեւից անցնել պառլամենտական կառավարման համակարգի: Ըստ հանձնաժողովի՝ գործող կառավարման համակարգը չի լուծում երկու արմատական խնդիր՝ ինչ է պատահում, եթե ԱԺ-ի մեծամասնությունը հակադիր է ՀՀ Նախագահին եւ երկրորդ՝ ինչ է պատահում, եթե այդ հակադրությունը չկա եւ ՀՀ Նախագահը վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ապա ինչպես է պրակտիկայում գործելու իշխանությունների հավասարակշռումը, ինչպես է պրակտիկայում քաղաքական պատասխանատվություն իրականացվելու եւ ով ինչի համար է պատասխանատվություն կրելու:

Նա նաեւ անդրադարձել է այն փոփոխություններին, որոնք առնչվում են ընդդիմության լիազորությունների ընդլայնմանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն անդրադարձել է կառավարման ձեւի ընտրությանը՝ նշելով, որ չկա մի համակարգ, որն ունենա միայն դրական կողմեր եւ հակառակը՝ չկա մի համակարգ, որն ունենա բացառապես բացասական կողմեր: Նրա գնահատմամբ՝ կառավարման յուրաքանչյուր ձեւի ընտրության հարցում պետք է համադրել համակարգի ուժեղ եւ թույլ կողմերն ու գտնել օպտիմալ տարբերակը՝ համադրելով այն ազգային առանձնահատկությունների հետ: Պարոն Թովմասյանը, անդրադառնալով Եվրամիության անդամ 28 երկրների կառավարման ձեւերին, նշել է, որ դրանցից միայն Կիպրոսն ունի նախագահական կառավարման ձեւ, Ռումինիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան կիսանախագահական կառավարման երկրներ են, իսկ մյուս երկրները՝ պառլամենտական կառավարման ձեւ ունեն: Անդրադառնալով այն տեսակետներին, թե կառավարման ձեւի փոփոխությունը կհանգեցնի իշխանության գերկենտրոնացմանը՝ նա ներկայացրել է նույն ուժերի հարաբերակցության պարագայում գերկենտրոնացման դրսեւորումը նախագահական կամ կիսանախագահական եւ պառլամենտական կառավարման համակարգերում: Այս համատեքստում պարոն Թովմասյանն անդրադարձել է իշխանության թեւերի ձեւավորմանը, այս հարցում ընդդիմության մասնակցությանը՝ նշելով, որ ի տարբերություն գործող համակարգի՝ նախագծով քաղաքական մեծամասնությունը պետք է կիսի իր իշխանությունը քաղաքական փոքրամասնության հետ: Նախագծով մի շարք պաշտոնյաներ ընտրվելու են երեք հինգերորդով, մինչդեռ ձայների երեք հինգերորդով ընտրվող միակ պաշտոնյան այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է: Զեկուցողն անդրադարձել է կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարին՝ այս հարցում ներկայացնելով միջազգային փորձը: Պարոն Թովմասյանը, ամփոփելով խոսքը, նշել է, որ նախագծի՝ մասնագիտական հանձնաժողովում քննարկված եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցված տարբերակում մամուլում եւ քաղաքական ուժերի կողմից հնչեցված մտահոգությունները հիմնականում փարատվել են:

Հիմնական զեկուցողները պատասխանել են խորհրդարանական լսումների մասնակիցների հարցադրումներին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարին, Սահմանադրությամբ հայ եկեղեցու դերի հատուկ կերպով սահմանմանը, կյանքի իրավունքին, պառլամենտական կառավարման համակարգի արդյունավետությանը եւ այլ խնդիրների:

ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետն են ներկայացրել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առավելություններին անդրադառնալով, նշել է, որ փաթեթով փորձ է արվում Հայաստանում զարգացնել ժողովրդավարությունը, ավելին՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը լրացվում է քաղաքական հավասարակշռության սկզբունքով: Նախագծով նախատեսվում է բարձրացնել ընդդիմության դերը. ԱԺ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, մայր օրենքները պետք է ընդունվեն ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ՝ երեք հինգերորդով, հնարավորություն է տրվում ստեղծելու քննիչ հանձնաժողովներ, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունն այլեւս առանց ընդդիմության գործուն մասնակցության եւ փոխզիջումների չի կարողանալու կարեւոր խնդիրներ լուծել: Նախագծով հնարավորություն է տրվում, որպեսզի մեծ դերակատարում ունենան նաեւ ընտրություններում հարաբերականորեն պարտված քաղաքական ուժերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն փոփոխությունը, որով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվում է քվոտա, ինչն ամրագրում է մեր երկրի ժողովրդավարական սկզբունքները:

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, ուստի ՀԱԿ-ը մերժում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ պետք է առավել հստակեցվի համամասնական ընտրակարգին անցնելու դրույթը, հստակ սահմանվի պատգամավորների թիվը: Նա կարծում է, որ կառավարման համակարգերի հիմքում Սահմանադրությամբ պետք է ամրագրվեն այնպիսի երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան բացառելու քաղաքական մենիշխանությունը, կապահովեն իշխանության տարբեր թեւերի միջեւ փոխադարձ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ: Խոսրով Հարությունյանը, հաջողված համարելով լսումների անցկացումը, խոսել է սահմանադրական բարեփոխումների անցկացման քաղաքական անհրաժեշտությունից: Այս համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամերին: Մհեր Շահգելդյանն անդրադարձել է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլուխներին, իշխանությունների հավասարակշռության հիմնահարցերին: Պարոն Շահգելդյանը խոսել է նաեւ նախագծով ՀՀ Նախագահի եւ վարչապետի լիազորությունների մասին: Գագիկ Մինասյանը երախտիքի խոսք է հայտնել մասնագիտական հանձնաժողովին կատարած մեծածավալ աշխատանքի համար: Նա անդրադարձել է կիսանախագահական կառավարման մոդելի հիմնական թերություններին՝ համոզմունք հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն ակնհայտ է: Հրանտ Բագրատյանը, դեմ լինելով առաջարկվող կառավարման նոր ձեւին, կողմ է արտահայտվել երկպալատանի կառավարման համակարգին: Նա իր դիրքորոշումն է հայտնել փաստաթղթի տնտեսությանը վերաբերող թեզերի վերաբերյալ: Ըստ Կարեն Ավագյանի՝ նախագիծը հստակեցումներ է մտցնում տարբեր ոլորտներում, որոնց շնորհիվ ամրապնդվում է ժողովրդավարությունը, կայունությունը. նոր Սահմանադրությամբ կամրապնդվի կուսակցությունների, քաղաքական ուժերի դերը: Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարման համակարգերի տարբերությունը կայանում է նրանում, թե ով է ձեւավորում գործադիր իշխանություն: Ըստ պատգամավորի՝ ՀՅԴ-ն՝ որպես քաղաքական ուժ, պաշտպանելու է նախաձեռնությունը: Արտակ Զաքարյանը խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից: Նա նշել է, որ ներկայացված փաստաթուղթն իրավական է, սակայն բովանդակությամբ եւ տեսակով հայ ժողովրդի համար ունենալու է քաղաքական նշանակություն: Հակոբ Հակոբյանը, պաշտպանելով առաջարկվող կառավարման նոր մոդելը, նշել է, որ փոխելով պետական կառուցվածքը՝ կփոխվի նաեւ հասարակության այն մտայնությունը, թե իշխանությունը պատկանում է մեկ անձի: Գագիկ Մելիքյանը նախ իր գոհունակությունն է հայտնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին լսումների կազմակերպման համար եւ մասնագիտական հանձնաժողովին՝ լայնածավալ աշխատանք կատարելու համար: Խոսելով նախագծից՝ պատգամավորն ընդգծել է, որ փաստաթղթի հիմնական նպատակը կայուն քաղաքական իրավիճակ ձեւավորելն է:

Ելույթներում մասնակիցները կարեւորել են պետության կարգավորիչ դերի բարձրացումը, անդրադարձել են մի շարք դրույթների հստակեցմանը եւ դրանց վերաբերյալ ներկայացրել իրենց նկատառումներն ու առաջարկները:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցողներն անդրադարձել են հնչեցված տեսակետներին, ներկայացրել պարզաբանումներ: Նշվել է, որ լսումների ընթացքում հնչել են տեսակետներ, որոնք կարող են ուղենշային լինել մասնագիտական հանձնաժողովի համար համապատասխան փոփոխություններ կատարելու տեսանկյունից: Կարծիք է հնչել, որ նախագծի ընդունմամբ կունենանք քաղաքական այն համակարգը, ուր քաղաքացին պաշտպանված կլինի, դատարաններն անկախ կլինեն, քաղաքական իշխանությունը պատասխանատու կլինի, իսկ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրությունների միջոցով ընտրել ու փոփոխել կառավարությունը:

Ամփոփելով լսումները՝ Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին լսումներին մասնակցելու եւ տեսակետներ ներկայացնելու համար: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն հանձնաժողովի կողմից:


04.09.2015
Խորհրդարանական լսումները՝ ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am