National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
31.10.2016
Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
1 / 10

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով` պայմանավորված թե՛ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե՛ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում, ըստ կառավարության ղեկավարի, տնտեսական աճ եւ կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը` աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով կառավարությունը գործում է սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը: Ըստ ՀՀ վարչապետի՝ բյուջեն կազմելու հիմքում դրվել են տնտեսության զարգացմանը չխոչընդոտող, միեւնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ, իսկ հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով` զսպող մոտեցումները: Նշվել է, որ 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: «Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաեւ ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը? նշված ցուցանիշին հասնելը մեզանից բավական ջանքեր կպահանջի, եւ մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար», -ասել է կառավարության ղեկավարը: Խոսելով իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունից՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն պետք է լինի թափանցիկ եւ հրապարակային, հասկանալի յուրաքանչյուր հարկատուի եւ հասարակության անդամի համար: «Մեր մոտեցումը հստակ է` հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար եւ նպատակային, իսկ արդյունքները` տեսանելի հանրության համար»,-ասել է ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ ՀՀ 2017 թ. պետական բյուջեի ձեւավորման հիմքում դրվել են 2016 թ. բազիսային տվյալները` դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության եւ եկամուտների հնարավոր աճը: ՀՀ վարչապետը նկատել է, որ, ելնելով մակրոտնտեսական ցուցանիշներից, կան սահմանափակումներ, եւ հաշվի առնելով դրանք` 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով` հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, եւ այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ միջավայր ձեւավորելն է:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված 4 հիմնական սկզբունքները, այն է՝ ունենալ կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին համահունչ բյուջեի նախագիծ եւ միջնաժամկետ պարտքի կայունության սկզբունք ու ապահովել մակրոտնտեսական կայունություն, ունենալ հարկային եկամուտների հավաքագրման մոտեցում, չորրորդ՝ իրականացնել պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսերի ֆինանսավորում:

Նախարարը նաեւ ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց վրա կազմվել է փաստաթուղթը: Նշվել է, որ 2016 թվականին ներքին տնտեսական զարգացումների միտումները եւ արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2016 թվականին 2.4% տնտեսական աճի կանխատեսման համար: Գալիք տարվա համար ակնկալվում է 3.2% աճ:

Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2017 թ. համար ծրագրվել են 1,135.0 մլրդ դրամի չափով:

«ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նա նշել է, որ 2017 թ.-ի համար նախատեսվում է տնտեսական աճի տեմպի արագացում՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ 2017 թ.-ին իրականացվելիք մի շարք բարեփոխումների ու 2016 թ. իրականացված խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ազդեցությամբ:

ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի 2017 թ. վարչական ծախսերի նախահաշիվը եւ կապիտալ ներդրումներրի ծրագիրը:

Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է գալիք տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները, իսկ գերակա խնդիրներին, իրականացվող բարեփոխումներին ու ծրագրային առաջնահերթություններին անդրադարձել են համապատասխան ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության ընթացիկ ծախսերի համալրման, ինչպես նաեւ կապիտալ ծախսերի կատարման հիմնական աղբյուր են հանդիսանում արտաբյուջետային ֆոնդերը: Ոստիկանության աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները 2017 թ. ծրագրավորվել են 31,658.9 մլն դրամի չափով, որը 2016 թ. պետական բյուջեի նկատմամբ աճել է 3,2 մլն դրամով: Նշվել է, որ այդ միջոցները խնայողության շարունակական ապահովման պարագայում բավարար են համակարգի գործունեության ապահովման, այդ թվում բարեփոխումների ծրագրերն իրականացնելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի կայացման համար ռուսական կողմից ստորագրված պայմանագրի համաձայն 2016-2018 թթ. հրշեջ-փրկարարական մեքենաներ եւ այլ սարքավորումներ են տրամադրվելու: Բնակչությանն իրազեկելու հարցում աշխատանքներ են իրականացվում. արդեն իսկ համապատասխան շչակներ են տեղադրված Երեւանի կենտրոնում եւ Տավուշի մարզում: ՀՀ ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է նաեւ Ճապոնիայի հետ եւ տեխնիկական զգալի աջակցություն է ստացել:

Փրկարար ծառայության կարիքների համար 2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 7,428.9 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները 2017 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 6,633.3 մլն դրամի չափով:

Ազգային անվտանգության ծառայության 2017 թ. պահպանման ծախսերի համար նախատեսվել է 19,941.5 մլն դրամ: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները 2017 թ. ծրագրավորվել են 16,225.6 մլն դրամի չափով:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական ռեզերվների ֆինանսավորմանը, անցկացվել է դռնփակ ընթացակարգով:


31.10.2016
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Բելգիայի Սենատի նախագահները
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...

31.10.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի հրավերով 2016 թ. նոյեմբերի 9-11-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Ռուստամյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Միքայել Մելքումյանը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am