National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1) պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելը.

2) Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում հանրային ֆինանսների ոլորտում, այդ թվում` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3) պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաև ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով Բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6) պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման և պակասուրդի (հավելուրդի) վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի մասին օրենքի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանն աջակցությունը.

9) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի և տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումների, պետական բյուջեի կատարման վերաբերյալ և ընթացիկ եզրակացությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

12) իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները իրավասու մշտական հանձնաժողով ներկայացնելը: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

13) մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում աջակցելը:

Բյուջետային գրասենյակը պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով:

Բյուջետային գրասենյակի գործառույթների իրականացումը

      Բյուջետային  գրասենյակն իրավասու` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով  է ներկայացնում՝

1) պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը (Պատրաստվում և ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում).

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը(Պատրաստվում և ներկայացվում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը ստանալուց հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում):

     Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և  խմբակցություններին`

1) տրամադրում է (գործառույթներն իրականացվում են համապատասխան  հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում)՝

  • տեղեկանքներ՝ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և (կամ) այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ.
  • պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.
  • տեղեկանքներ՝ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ.
  • տեղեկանքներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների, պետական պարտքի, ՀՀ-ում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ.
  • պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ.
  • տեղեկանքներ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման, ինչպես նաև պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների մասին.
  • տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.
  • այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ:

2) աջակցում է (նշված գործառույթներն իրականացվում են հարցման ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում)՝

  • պատգամավորներին և խմբակցություններին` պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների ձևակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ.
  • պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին` պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպման գործում.
  • մշտական հանձնաժողովներին` ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում:

     Բյուջետային գրասենյակը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պատգամավորների և նրանց օգնականների, Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ, կլոր սեղաններ և ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացներ:

Բյուջետային գրասենյակը պատգամավորների և մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ (Նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի):

Բյուջետային գրասենյակն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով:

Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում (Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում):

Բյուջետային գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքների օրինակնեև տես հավելված  2-ում:

Բյուջետային գրասենյակը քաղաքական իրադարձություններին և նպատակներին գնահատական չի տալիս: Բյուջետային գրասենյակի փորձագետը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

  1. հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անունը, ազգանունը և պատգամավորական մանդատի համարը.
  2. պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է).
  3. հարցման բովանդակությունը (առարկան).
  4. հարցմանը կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
  5. հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը.
  6. հարցումը հանձնելու տարին, ամիսը և ամսաթիվը:

Տես հավելված 1:

Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի կամ խմբակցության լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

Բյուջետային գրասենյակում հարցումն ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան նշված ժամկետներում,  եթե հարցումը ներկայացնողը մինչև իրեն պատասխան ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել և (կամ) հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին,  ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`

1) հնարավոր սեղմ ժամկետում հավաքում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով կամ

2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

Հրատապ դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ դեպքերն են`

  1. մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը.
  2. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը.
  3. պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը.
  4. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը.
  5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի  կամ խմբակցության լիազորված անձն իր նախաձեռնությամբ կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու և (կամ)  բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS