Հունվարի 28-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովում մի խումբ բարձրաստիճան սպաների պարգեւատրեց ԱԺ
Պատվո մեդալներով եւ շնորհակալագրերով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,պատգամավորներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:
Երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար բանակի 17-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը եւ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը: Ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ անբասիր կատարելու համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը:
Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Հարգելի պատգամավորներ,
հարգարժան նախարար,
պարոնայք գեներալներ, սպաներ,
սիրելի գործընկերներ
Հայաստանի Հանրապետության ազգային բանակը ստեղծվել է հայ ժողովրդի ազատասիրության, անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը իրականություն դարձնելու անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների, հայ զինվորների ու նրանց սատարող համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ, եւ տարեցտարի ավելի հզորանալով` դարձել տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:
Այս տոնը մեր բանակի ստեղծման ու կայացման գործում ողջ հայ ժողովրդի
մասնակցության ու ներդրումի արգասիքն է, իսկ ազգային բանակը` մեր հայրենիքի կայունության ու խաղաղության պաշտպանն ու երաշխավորը:
Հայոց ազգային բանակը մեր երկրի ռազմական անվտանգության համակարգի հիմքն է, որն ապահովում է Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը:
Հայաստանը թեեւ առաջնորդվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, խաղաղության եւ կայունության ամրապնդման սկզբունքով, սակայն ազգային բանակը միշտ պետք է պատրաստ լինի չեզոքացնելու հնարավոր արտաքին վտանգները եւ պաշտպանելու մեր նախնիների ավանդած ազգային արժեքները:
Հարկավոր է արժանին մատուցել այն հայորդիներին, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով ու ամենօրյա անխոնջ աշխատանքով նպաստել են հայոց բանակի ամրապնդմանն ու հզորացմանը: Նրանց մի մասը, կանգնած լինելով բանակաշինության ակունքներում, շարունակում է նվիրումով ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ուրախալի է, որ այսօր էլ շատ երիտասարդներ հերթափոխում են վետերաններին եւ այս հայրենանվեր գործը դարձնում անբեկուն ու հարատեւ:
Ազգային բանակի ստեղծման 17-րդ տարեդարձի օրը գլուխ եմ խոնարհում Արցախի ազատագրության ու Հայաստանի սահմանների պաշտպանության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջեւ:
Ազգային այս տոնի առթիվ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես առաջին անգամ Ազգային ժողովի Պատվո մեդալների եւ շնորհակալագրերի արժանացած հայոց բանակի բարձրաստիճան սպաներին ու ցանկանում նորանոր ձեռքբերումներ ի շահ մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության»: